Ստորերկրյա գազացում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ստորերկյա գազացում, ածխի, անմիջականորեն Երկրի ընդերքում, ազատ կամ կապված թթվածնի օգնությամբ ածուխը այրվող գազերի փոխարկելու ֆիզիկաքիմիական պրոցես։ Ածխի ստորերկյա գազացման գաղափարը պատկանում է Դմիտրի Մենդելեևին (1888)։ Ավելի ուշ (1912) այդ նույն գաղափարն արտահայտել է անգլիացի քիմիկոս Ու․ Ռամգայը։ Կախված լեռնաերկրաբանական պայմաններից և աշխատանքների ընդունված համակարգից՝ կիրառվում են ուղղաձիգ, թեք և հորիզոնական-թեք հորատանցքեր։ Շերտի մեջ անհրաժեշտ ռեակցիաների ուղիներ ստեղծելու համար օգտագործվում են հորատանցքերի ֆիլտրացիոն-կրակային (կամ ֆիլտրացիոն) միացում, շերտի հիդրավլիկ խզում և հորատանցքերի ուղղորդված հորատում ածխային շերտի ուղղությամբ։ Գազացման ուղիներում ձևավորվում են ռեակցիաների զոնաները, և սկսվում է գազացման պրոցեսը, որը սովորաբար ընթանում է օդափչման միջոցով։ Ստորգետնյա գազացման ուղիներում ընթացող քիմիական ռեակցիաները համանման են գազագեներատորային պրոցեսին։ Ածխային շերտի գազազերծման հետևանքով ռեակցիաների զոնաները տեղաշարժվում են։
Լեռնային ճնշման ներգործությամբ շերտի առաստաղի ապարները նույնպես տեղաշարժվում են և լցնում գազազերծված տարածությունը։ Դրա շնորհիվ գազացման ուղիների չափերը և կառուցվածքը երկար ժամանակ համեմատաբար անփոփոխ են մնում, որը պայմանավորում է ստացվող գազի բաղադրության կայունությունը։ Օդափչման միջոցով ստացվող գազի այրման ամենացածր ջերմությունը կազմում է 3,2-5 Մշ/մ3, թթվածնով (60-65%) հարստացված փչման դեպքում՝ 7,6 Մշ/մ3։ Ըստ քիմիական կազմի՝ գազը կարելի է օգտագործել ամոնիակ և ածխաջրածիններ սինթեզելու համար։ Վառելիքի օգտագործումը ածխի ստորգետնյա գազացմանման մեթոդով հնարավոր է նաև այն դեպքում, երբ ածխի հանքավայրերի արդյունահանումը հանքահորային եղանակով շահավետ չէ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 148)։ |