Սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոց (Թուրքիա)
«Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոց, առողջապահական հաստատություն, հիմնվել է 1832 թվականին, Կ. Պոլսում (Եդիքուլե թաղամասում)՝ Գազազ Արթին ամիրա Պեզճյանի նախաձեռնությամբ և նյութական աջակցությամբ։ Սկսել է գործել 1834 թվականից (մինչև 1953 թվականը կոչվել է «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոց)։
1851 թվականին Սկյուտարի ճեմարանը հանձնվել է «Սուրբ փրկիչ»ի խնամակալությանը, որին կից բացվել է (1854) նաև երկրագործական վարժարան։ 1856 թ. կազմված տնտեսական խորհրդին հանձնարարվել է «Սուրբ փրկիչ»ի մատակարարման գործը։
Ունի պոլիկլինիկա (17 բաժնով), ծննդատուն, հոգեկան հիվանդների բաժանմունք, ծերանոց (460 բնակիչ), դեղատուն (քաղաքի նշանավոր դեղատներից է), բժշկական արդիական սարքավորումներով կահավորված լաբորատորիաներ, եկեղեցական համալիր (1906 թվականից), տպարան, որտեղ 1949 թվականից հրատարակվում է նույնանուն ամսագիրը՝ «Սուրբ Փրկիչը», գրադարան, օժանդակ տնտեսական արտադրամաս, կալվածներ։
Հաստատությունը ղեկավարում է հոգաբարձուների խորհուրդը։ Հիվանդանոցը սպասարկում է նաև այլազգի հիվանդների։ Անապահով հիվանդները բուժվում են անվճար։ Բժշկական անձնակազմը (276 մարդ) բաղկացած է մեծ մասամբ հայերից (80 %)։ Օրական ընդունում է 200 հիվանդ, տարեկան կատարվում է շուրջ 1500 վիրահատություն։ Գլխավոր բժիշկ՝ Արման Չաքըրօղլի։
Հիվանդների մի մասին անվճար բուժօգնություն է ցույց տրվում։ «Սուրբ փրկիչ»-ի նյութական միջոցները գոյանում են հիվանդանոցի, պոլիկլինիկայի, կալվածների եկամուտներից, նվիրատվություններից, ամսաթերթի (անցյալում նաև տարեցույցների, օրացույցների) վաճառքից և այլն։ «Սուրբ փրկիչ»-ին օժանդակում է նաև հայկական բարեգործական ընղհանուր միությունը (ՀԲԸՄ)։ «Սուրբ փրկիչ»-ի գործունեությունը վերահսկելու նպատակով աննշան նպաստ է տրամադրում թուրք, կառավարությունը։
1970 թվականին «Սուրբ փրկիչ» ուներ 250 հիվանդանոցային մահճակալ, բժշկական ժամանակակից սարքավորումներով կահավորված լաբորատորիաներ, 1000 մարդուց բաղկացած անձնակազմ։ 1982 թվականին նշվել է «Սուրբ փրկիչ»-ի հիմնադրման 150-ամյակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 204)։ |