Սուննիական եռանկյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուննիական եռանկյան քարտեզը, որը հիմնականում ներառում է արաբ սուննի մուսուլմանների բնակության տարածքները։

Սուննիական եռանկյուն, Իրաքի խիտ բնակեցված շրջան, որն ընկած է մայրաքաղաք Բաղդադից հյուսիս-արևմուտք։ Շրջանը հիմնականում բնակեցված է արաբ սուննի մուսուլմաններով[1]։

Սուննիական եռանկյան ծայրակետերը գտնվում են Բաաքուբայի մոտ (գտնվում է եռանկյան արևելյան հատվածում), Բաղդադում (հարավային հատվածում), Ռամադիում (արևմտյան հատված) և Տիգրիտում (հյուսիսային հատված)։ Եռանկյան յուրաքանչյուր կողմն ունի շուրջ 125 կիլոմետր երկարություն (80 մղոն)։ Եռանկյան մեջ են մտնում նաև Սամարա և Էլ Ֆալուջա քաղաքները։

ԿՀՎ փաստերի տեղեկագրի 2003 թվականի քարտեզը, որտեղ բաց նարնջագույն գույնով նշված են արաբ սուննի մուսուլմաններով բնակեցված տարածքները։

Շրջանը մշտապես եղել է Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնի կառավարության խիստ աջակցության տակ գտնվող տարածք։ Սկսած 1970-ական թվականների սկզբից երկրի կառավարության հիմնական պաշտոնյաները, քաղաքական գործիչները և ռազմական առաջնորդներն սերում են այս շրջանից։ Սադամն ինքնին ծնվել է Տիգրիտի շրջանում։

2003 թվականին ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Իրաք ներխուժելուց հետո՝ շրջանը դարձել է կոալիցիոն ուժերի դեմ սուննի զինված ընդդիմության պայքարի հիմնական թատերաբեմերից մեկը։ Արևմտյան մամուլում մեծապես տարածվում էր այն տեսակետը, որը Սադամ Հուսեյնը ապաստան կփնտրի իր սուննի աջակիցների շրջանում, իսկ արդեն 2003 թվականի դեկտեմբերի 13-ին Հուսեյնը ձերբակալվել է Էդ Դաուր գյուղում, որը գտնվում է Տիգրիտից 15 կիլոմետր դեպի հարավ։

«Սուննիական եռանկյուն» տերմինը կիրառվել է 1970-ական թվականներից սկսած՝ հիմնականում Իրաքի ակադեմիկոսների կողմից։ Կիրառման հիմնական նպատակը շրջանի տարանջատումն էր երկրի հյուսիսային և հարավային շրջաններից։ ԶԼՄ-ներում առաջին անգամ կիրառվել է 2002 թվականի սեպտեմբերի 14-ին «San Francisco Chronicle» օրաթերթում, որտեղ ամերիկացի զենքի նախկին տեսուչ Սքոթ Ռիթերը նշում է․ «Ներխուժման ժամանակ մենք կարող ենք ստանալ որոշ շիաների և քրդերի օգնությունը, սակայն Բաղդադ հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել Սուննիական եռանկյունը»։ Այդուհանդերձ, տերմինը լայն տարածում է գտել միայն 2003 թվականի հունիսի 10-ին, երբ New York Times օրաթերթը կիրառել է այն իր հոդվածներից մեկում։ Հոդվածում մասնավորապես նշված էր․ «ամերիկյան նոր փորձ, որը Բաղդադի հյուսիսում և արևմուտքում կօգնի հաղթահարել սուննի մուսուլմաններով բնակեցված տարածքների զինված դիմադրությունը, որն առավել հայտնի է Սուննիական եռանկյուն անվամբ»։ Դրանից հետո տեղանունը հաճախ հանդիպել է ամերիկյան ուժերի կողմից ղեկավարվող կոալիցիայի՝ շրջանում իրականացվող գործողությունների վերաբերյալ հաղորդագրություններում։

«Սուննիական եռանկյունը» չպետք է շփոթել «Մահվան եռանկյան» հետ․ շրջան, որը գտնվում է Բաղդադից հարավ և հիմնականում բնակեցված է սուննի մուսուլմաններով։ Այս շրջանում հիմնական մարտական գործողությունները տեղի են ունեցել 2004 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ahmed Hashim (2005). Insurgency and Counter-insurgency in Iraq. Cornell University Press. էջ 129. ISBN 0-8014-4452-7.