Գոնսալեսն իր հայրենի քաղաքի «Օսպիտալետ» ակումբի սան է։ 1994 թվականին սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում՝ խաղալով Սեգունդա Բ-ում։ Հաջորդ տարի նա տեղափոխվել է «Էսպանյոլի» պահեստային թիմ՝ «Էսպանյոլ Բ»։ Ակումբի կազմում անցկացրած 3 տարվա ընթացքում նա մասնակցել է 100 խաղի և խփել 11 գոլ։ 1998 թվականին տեղափոխվել է «Էսպանյոլ», որի հետ 1999/2000 մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի գավաթ։ «Էսպանյոլի» կազմում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 107 խաղ և խփել 10 գոլ։ Դրանից հետո նա մեկնել է Գալիսիա՝ խաղալով «Դեպորտիվոյի» կազմում։ Այդ թիմի հետ նա նվաճել է Իպանիային գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։ Պաշտոնական տարբեր մրցաշարերում նա «Դեպորտիվոյի» կազմում մասնակցել է 306 խաղի և խփել 29 գոլ։ 2010 թվականին տեղափոխվել է «Լևանտե»։
Իսպանիայի հավաքականի կազմում Սերխիո Գոնսալեսը մասնակցել է 11 խաղի։ Հանդես է եկել 2002 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ իսպանացիները հասել են մինչև քառորդ եզրափակիչ՝ պարտվելով Հարավային Կորեային։ Այդ մրցաշարում Գոնսալեսը մասնակցել է 1 խաղի՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի հետ հանդիպման 53-րդ րոպեին փոխարինելով Դավիդ Ալբելդային[2]։
1998 թվականից մինչև 2018 թվական խաղացել է նաև Կատալոնիայի հավաքականում։ Ռեկորդ է սահմանել անցկացրած խաղերի թվով։ Ընդհանուր առմամբ անցկացրել է 16 խաղ և խփել 2 գոլ։ Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղում գրավել է հակառակորդի դարպասը տուգանայինից[3]։
Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Սերխիո Գոնսալեսն ընդգրկվել է «Էսպանյոլ Բ»-ի մարզչական շտաբում, իսկ 2013 թվականին դարձել է թիմի գլխավոր մարզիչ։ 2014 թվականի մայիսի 27-ին Սերխիո Գոնսալեսը փոխարինել է Խավիեր Ագիրեին «Էսպանյոլի» գլխավոր մարզչի պաշտոնում[4]։ Ճանաչվել է Կատալոնիայի լավագույն մարզիչ 2014/2015 մրցաշրջանում[5], սակայն հեռացվել է պաշտոնից 2015 թվականի դեկտեմբերի 14-ին[6]՝ չնայած նրան, որ ակումբը միջին տեղ էր զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։