Jump to content

Սեկուրինեգա կիսաթփային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեղի մարատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Կաթնուկածաղկավորներ
Ընտանիք Կաթնուկազգիներ
Ցեղ Սեկուրինեգա
Տեսակ Սեկուրինեգա կիսաթփային
Լատիներեն անվանում
Տecurinega suffruticosa


Սեկուրինեգա կիսաթփային (լատին․՝ Տecurinega suffruticosa), կաթնուկազգիների ընտանիքի սեկուրինեգա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է 1,5-2 մ բարձրությամբ, բարակ, երկար, ուղիղ, բաց դեղնավուն կամ կանաչ, ճիպոտանման ճյուղերով։ Համեմատաբար ծեր ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Բողբոջները ծածկված են մի քանի արտաքին թեփուկներով։

Տերևները ամբողջական են, էլիպսաձև կամ ձվաձև, ձվաձև-նշտարաձև, հազվադեպ հակառակձվաձև, 1,5-7 սմ երկարությամբ և 0,6-3,5 սմ լայնությամբ, կլորավուն կամ սուր գագաթով և սեպաձև հիմքով, ամբողջաեզր են, կամ վերին հատվածում անկանոն ատամնաեզր, թեթևակի կաշվենման, մերկ, վառ կամ դեղնականաչ, փոքր, կաշվենման տերևակիցներով։ Կոթունների երկարությունը հասնում է 2-4 միլիմետրի։ Երկտուն բույս է։

Ծաղիկները կանաչ են կամ կանաչադեղնավուն, առանց պսակաթերթիկների, առէջայինները մոտ 3 մմ տրամագծով, 3-12 հատ հավաքված են տերևածոցերում գտնվող փնջերում, 5 օվալաձև, ուռուցիկ բաժակաթերթիկներով, որոնք ունեն 2 մմ երկարություն։ Առէջները 5-6 հատ են, դուրս են գալիս բաժակից և ամրացած են ներառէջային սկավառակին։ Սերմնարանի ռուդիմենտը սովորաբար եռաբլթակ է։ Վարսանդային ծաղիկները մեկական են կամ 3-8 հատ միասին, ունեն սերմնարանի տակ լայնացած ծաղկակիրներ մինչև 1 սմ երկարությամբ։ Սերմնարանը գնդաձև է, եռաբուն, յուրաքանչյուր բնում՝ 2 սերմնաբողբոջ։ Սռնակները 3-ն են, վերևի մասում լայնացած և մինչև կեսը ճեղքված երկու մասի։ Տուփիկը կլորավուն է, եռաբլթակ, 5 մմ տրամագծով, վերևից սեղմված, եռաբուն, յուրաքանչյուր բնում՝ 2 սերմ։ Սերմերը եռանիստ են, հարթ, բարակ կեղևով։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Արևելյան Սիբիրում (Դահուրիա), Հեռավոր Արևելքում, Կորեայում, Հյուսիսարևելյան Չինաստանում (Մանջուրիա)։ Հայաստանում մշակվում է միայն Երևանի բուսաբանական այգում և նրա լեռնային բաժանմունքներում։ Ամենուրեք աչքի է ընկնում որպես միանգամայն դիմացկուն թփատեսակ, որն էկոլոգիական ճնշվածության նշաններ հանդես չի բերում։ Առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Սևանի բուսաբանական այգու պայմաններում միայն թեթևակի ցրտահարվում է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (300-301)։