Jump to content

Ռիչարդ Դոնչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Դոնչյան
Ծնվել էսեպտեմբեր 1905
ԾննդավայրՀարթֆորդ
Մահացել էապրիլի 24, 1993(1993-04-24)[1] (87 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
ԿրթությունԵյլի համալսարան և MIT Sloan մենեջմենթի դպրոց
Մասնագիտությունտնտեսագետ և գործարար

Ռիչարդ Դավուդ Դոնչյան (անգլ.՝ Richard Davoud Donchian; սեպտեմբեր 1905, Հարթֆորդ - ապրիլի 24, 1993(1993-04-24)[1], ԱՄՆ), հայկական ծագմամբ ամերիկացի գործարար, առաջին դիվերսիֆիկացված բաց առևտրային հիմնադրամի ստեղծողը։ Նա մեծ ներդրում է ունեցել առևտրային գումարների կառավարման բնագավառում։ Արդյունքում կնքվել է «Տրենդերին հետևելու միջոցով առևտրի» հոր կոչումը, որի վրա հիմնված են բազմաթիվ ժամանակակից բորսայական առևտրի համակարգեր[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին Ռիչարդի ծնողները՝ Սեմուել Դոնչյանն ու Արմենուհի Ա․ Դավուդը, Օսմանյան կայսրությունից տեղափոխվել են ԱՄՆ։

Երիտասարդության տարիներին Ռիչարդը սովորել է Հարթֆորդի դպրոցում, հետագայում հաճախել է Թաֆթ (Ուոթերթաուն, Կոնեկտիկուտ նահանգ) դպրոց։ 1928 թվականին Դոնչյանն ավարտել է Եյլի համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան և սկսել է աշխատել արևելյան գորգերի վաճառքի ընտանեկան ընկերությունում[3]։ Այդ ժամանակ նա կարդացել է բորսային վաճառող Ջեսի Լիվերմորի կենսագրությանը, որը կոչվում էր «Բորսային չարաշահորդի հիշողություններ»։ Այդ գիրքը նրա մեջ մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆինանսական շուկաների նկատմամբ։

1929 թվականին բորսայական սնանկացման ժամանակ Դոնչյանի կրած վնասները նրան մղել են ուսումնասիրելու գների տեխնիկական վերլուծությունն ու պատմությունը։

Ուոլ Սթրիթում Դոնչյանի գործունեությունը սկսվել է 1930 թվականին։ Նա «Security Pilot»-ի ծառայություններ է մատուցել բրոքերային ընկերություններին։ 1933 թվականի ամռանը Ռիչարդը դարձել է «Hemphill, Noyes and Co» ընկերության արժեթղթերի վերլուծաբանը՝ միևնույն ժամանակ շարունակելով զբաղեցնել ընտանեկան «Samuel Rug Company» ձեռնարկության փոխնախագահի պաշտոնը[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնչյանն անդամակցել է ԱՄՆ-ի բանակին և մասնակցել Սիցիլիական գործողությանը։ Հետագայում նշանակվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի վիճակագրական վերահսկողության տեսուչ։ Պատերազմի ավարտից հետո Ռիչարդը դարձել  է ներդրումների և արժեթղթերի մասնավոր խորհրդատու՝ զբաղվելով այդ գործով մինչև 1960 թվականը։ 1948 թվականին հետաքրքրվել է ապրանքային շուկաներով և ֆյուչերսներով։ Հիմնադրել է «Futures, Inc.» առևտրային ընկերությունը, որը առաջին բաց ապրանքային հիմնադրամն է եղել՝ հիմնված դիվերսիֆիկացման սկզբունքի վրա[3]։

Այս տարիներին Դոնչյանը մշակել է առևտրային գործառնությունների կանոններ՝ առևտրի «թրենդին հետևելու» մեթոդի հիման վրա։ Ըստ այդ կանոնների՝ ապրանքների գները երկարաժամկետ հեռանկարում տեղափոխվում են «արջի» և «ցլի» շուկաների նման։ Ռիչարդը մշակել և օգտագործել է փոփոխվող միջինների վրա հիմնված առևտրային համակարգ, որը միավորել է առևտրի կանոնները, առևտրի ուղեցույցները և նրա շաբաթական կանոնների համակարգը։ Նա ֆյուչերսների և արժեթղթերի մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է, ինչի շնորհիվ հայտնի է դարձել որպես «առևտրի՝ թրենդին հետևելու մեթոդի հայր»։ Թրենդերին հետևելու որոշ ժամանակակից համակարգեր, օրինակ՝ «Կրիա առևտրային համակարգը» (անգլ.՝ Turtle Trading System), հիմնված են նրա աշխատանքների վրա։ Բացի այդ, Դոնչյանը նորարարություններ է արել ապրանքային բորսաներում գործառնությունների նկատմամբ դիվերսիֆիկացված մոտեցման հայեցակարգի առաջխաղացման գործում[4]։

1960 թվականին Դոնչյանը նշանակվել է «Hayden Stone & Co LLC» ընկերության ապրանքային շուկաների հետազոտությունների տնօրեն[3]։ Այս ընկերությունում և նրա իրավահաջորդներում (Shearson/American Express, Shearson Lehman Brothers, այժմ՝ Smith Barney) նա աշխատել է ամբողջ կյանքում՝ ժամանակի ընթացքում դառնալով ընկերության ավագ փոխնախագահը։

Նույն թվականին Ռիչարդը սկսել է «Commodity Trend Timing» շաբաթաթերթի հրատարակումը։ Նա 19 տարի շարունակ հաղորդաթերթեր է տպագրել, որոնց շաբաթական տպաքանակը հասել է 10, 000 օրինակի։ Ռիչարդը գրել է բազմաթիվ հոդվածներ, որոնք դասվել են արդյունաբերական թեմայով դասական գրականության շարքին, այդ թվում՝ «Trend Following Methods in Commodity Price Analysis» (Commodity Yearbook, 1957) գիրքը։

1963 թվականին Դոնչյանին Վիրջինիայի համալսարանի դիպլոմավորված ֆինանսական վերլուծաբանների ինստիտուտը շնորհել է դիպլոմավորված ֆինանսական վերլուծաբանի աստիճան[3]։ Իր գործունեության ընթացքում Դոնչյանը եղել է «Commodity Exchange», «New York Cotton Exchange» և «New York Futures Exchange» բորսաների, ինչպես նաև շուկայի մի քանի մասնագիտական ասոցիացիաների ՝ Նյու Յորքի ֆոնդային վերլուծաբանների ընկերության (անգլ.՝ New York Society of Security Analysts), Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի (անգլ.՝ American Statistical Association), Ֆյուչերսային առևտրի խորհրդականների ազգային ասոցիացիայի (անգլ.՝ National Association of Future Trading Advisers) և Ֆինանսական ֆորումի (անգլ.՝ Financial Forum) անդամ։

Դոնչյանը ընդգրկվել է «Ով ով է Ամերիկայում» (անգլ.՝ Who's Who in America) գրացուցակում։

1983 թվականի հունիսին նա առաջիններից է եղել, որ «Managed Accounts Report» ընկերության կողմից արժանացել է «Most Valuable Performer Award» մրցանակին՝ ապրանքային գումարների կառավարման բնագավառում ունեցած նշանակալից ավանդի համար։

1993 թվականի ապրիլին՝ Դոնչյանի մահից հետո, հիմնադրվել է «Richard Davoud Donchian Foundation» հիմնադրամը, որի նպատակն էր նպաստել երեխաների առողջության բարելավմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]