Նստակյաց է, քիչ տարածված։ Միջին չափի թռչուն է։ Մարմնի երկարությունը 23-28 սմ է, թևերի բացվածքը՝ 38-45 սմ, կենդանի զանգվածը՝ 105-170 գ։ Կտուցը կարմրավուն է, երկար՝ թեթևակի ցած կեռված։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մուգ մոխրակապտագույն, կողքերը՝ սև ու սպիտակ զոլերով։ Երիտասարդի դիմային մասը դարչնագույն է, մարմինը ներքևից՝ բաց դարչնագույն՝ ավելի մուգ դարչնագույն զոլերով, կտուցն ավելի խամրած է։ Բնակվում է խիտ եղեգնուտներում, գետափերին, ճահճուտներում։ Սնվում է անողնաշարավորներով, բույսերով։ Թաքնված է, նկատվում է հազվադեպ։ Թռչում է ծուլորեն։ Լավ լողում և սուզվում է։ Ձայնը նման է խոզի ճղճղոցի և խռխռոցի։ Վտանգի դեպքում դիմում է թռիչքի։
Ջրահովվիկները բնադրում են առանձին զույգերով՝ ճահիճների անմատչելի հատվածներում։ Բույնը նման է հարթակի, պատրաստում է եղեգից։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսին։ Դնում է 36 մմ տրամագծով, սպիտակավուն՝ կարմրադարչնագույն պտերով 6-11 ձու։ Հունիսին ծնողների հսկողությամբ հանդիպում են բնից դուրս եկած ձագեր։ Համարվում է որսի թռչուն։