Ջուղայի թատրոն
Ջուղայի թատրոն, թատրոն, որը գործել է Ջուղա գյուղի դպրոցին կից։ Աշխատել է 1903-1914 թվականներին։ Ուսանող Գուրգեն Աղամալյանը իրականացրել է թատերական ձևավորումները։ Գումարի մի մասը, որը հավաքվել էր նկարահանումների շնորհիվ, հիմնականում օգտագործվել է բարեգործական նպատակներով։ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի մոտիվներով «Թաթուլ» ներկայացումը 1904 թվականին բեմադրվել է գյուղի տանուտեր Աբրահամյանների տանը՝ գիշերով, իշխանություններից գաղտնի կերպով։ Ջուղայի թատերականների խումբը ներկայացնում էին դպրոցավարտ շրջանավարտներ Ա. Նազարյանը, Ջ. Աբրահամյանը, Ս. Հովհաննիսյանը, Հ. Խաչատրյանը, Ե. Մարությանը, Ծարտար Խաչիկը, Մաքսիմ Ստեփանը և ուրիշներ, որոնք ներկայացման հեղինակներն էին։ Այս խմբի կողմից բեմադրվել են նաև «Արշակ Երկրորդը», «Ղարաբաղի աստղագետը», «Մարվող ճրագները», «Մեծն Վարդան», «Մակիչի հարսանիքը», «Անկոչ հյուրը», «Կըռթ-կըռթ» և այլ ստեղծագործություններ։
Ջուղայի թատրոնի դերակատարներ Սարգիս Հարությունյանը, Գուրգեն Աղամալյանը, Անուշավան Մելիք-Ստեփանյանը, Խաչատուր Դավթյանը, Շուշանիկ Մելիք-Ստեփանյանը, Կարապետ Դավթյանը, Արուս Խաչատրյանը, Արաքսի Ֆրանգուրյանը, Զմրութ Հովակիմյանը, Նվարդ Մելիք-Ստեփանյանը և ուրիշներ եղել են թատրոնի երկրորդ խմբի անդամները։ Ջուղայի բնակիչներից բացի՝ ներկայացումները դիտել են նաև շրջակա գյուղի բնակիչները, անգամ մեծահարուստները։ Ջուլֆայում՝ Գրիգոր Ֆրանգուրյանի տան հարմարավետ թատերասրահում, տեղի է ունեցել թատրոնի ներկայացումների մի մասը։ Բացի Ջուլֆայից` թատրոնը ներկայացումներով հանդես է եկել Աստապատում, Ապրակունիսում և այլ բնակավայրերում։ Իսկ Վարդավառի տոնակատարության ժամանակ, Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանքի ուխտին, Ջուղայի թատրոնը հանդես է եկել թատերականացված ելույթներով։ 1912 թվականին Հովհաննես Աբեղյանի թատերախումբը Պարսկաստան մեկնելուց առաջ 1-2 ներկայացմամբ հանդես է գալիս Ջուլֆայի Գ. Ֆրանգուլյանի թատերասրահում Ջուղայի թատերասերների խնդրանքով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 51 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։