Պողոս-Պետրոս (բալլադ)
«Պողոս-Պետրոս» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1898 |
Հրատարակվել է | 1908 |
Վիքիդարան | Պողոս-Պետրոս |
Պողոս-Պետրոս, բալլադ որը գրել է Հովհաննես Թումանյանը։ Բալլադի ծագումը ժողովրդական է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադի սյուժեն Թումանյանը լսել է Շուլավերում։ Այդ մասին վկայել է Մովսես Միրզոյանը` 1936 թվականի մարտի 23-ին Նվարդ Թումանյանին ուղղված նամակում։ Նամակից իմանում ենք, որ լեգենդը Թումանյանին պատմել է Միրզոյանի ավագ եղբայրը` Բաղդասարը։ Նամակագիրը մեջբերում է նաև բալլադի ժողովրդական տարբերակը և հավելում, որ Թումանյանը սյուժեն մշակելից բազմաթիվ փոփոխություններ է կատարել։
Ըստ Ա. Ինճիկյանի ենթադրության` «բանաստեղծը ունեցել է մեզ անծանոթ տարբերակ ևս»[2]։
Բալլադը գրվել է 1898 թվականին։ Այդ մասին տեղեկություններ կան Թումանյանի նամակում, որը նա 1898 թվականի օգոստոսին Շուլավերից ուղրկել է Արիստակես Զարգարյանին։ Այստեղ հեղինակը «Պողոս-Պետրոսի» և «Անիծած հարսի» մասին գրում է. «Այստեղ կամաց-կամաց էլ պարապում եմ-մի քանի բան եմ գրել, որոնցից երկուսը ժողովրդական բաներ են, որ դուք կհավանեք։»
Ինքնագիրը մեզ չի հասել։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում է Բաքվում տպագրված բանաստեղծությունների ժողովածու հեղինակի սեփական օրինակը, որտեղ նա մեկ ուղղում է կատարել[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի գյուղում ապրում էին երկու փոքրիկ որբ եղբայրներ` Պողոսը և Պետրոսը։ Մի անգամ նրանց խորթ մայրը զայրանում է նրանց վրա և ուղարկում է հորթերն արածացնելու։ Հորթերը փախչում են դեպի անտառ։ Եղբայրները, որքան էլ փնտրում են, չեն կարողանում գտնել հորթերին։ Լացելով հետ են վերադառնում, խորթ մորը պատմում են եղելությունը։ Խորթ մայրը բարկանում է, անիծում է նրանց և գիշերով ուղարկում անտառ` կորցրածը հետ բերելու։ Սոված ու հոգնած երեխաներն աստծուց խնդրում են իրենց թռչուններ դարձնել։ Աստված կատարում է նրանց ցանկությունը, և ըստ ավանդության, այդ օրվանից մինչև այսօր մանուկները փնտրում են կորցրած հորթերին։
Տպագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսի Բանաստեղծությունների ժողովածուի 64-67 էջէրում, դրանից հետո` Թիֆլիսում տպագրված լեգենդների ժողովածուի 20-23 էջերում, Բաքվում տպված բանաստեղծությունների ժողովածուի 83-86 էջերում, Կ. Պոլսի բանաստեղծությունների ժողովածուի 87-90 էջերում, Երկերի ժողովածուի առաջին հատորի 285-287 էջերում։