Jump to content

Նիկոլայ Չեպոկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Չեպոկով
Ծնվել էհունվարի 30, 1961(1961-01-30) (63 տարեկան)
ԾննդավայրՏուրոչակ (գյուղ, Տուրոչանսկի շրջան), Ալթայի հանրապետություն, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ
Ժանրգրաֆիկա

Նիկոլայ Անատոլևիչ Չեպոկով (Տարակայ) (ռուս.՝ Николай Анатольевич Чепоков (Таракай), հունվարի 30, 1961(1961-01-30), Տուրոչակ (գյուղ, Տուրոչանսկի շրջան), Ալթայի հանրապետություն, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նկարիչ, փիլիսոփա, ճանապարհորդ։ Գրիգորի Չորոս-Գուրկինի անվան մրցանակի դափնեկիր (2010)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Չեպոկովը, ըստ այն գրության, որը գտնվել է նրա մոտ, երբ նրան նորածնային հասակում թողել են Ուլալինսկի մանկատան դռան մոտ, ծնվել է 1961 թվականի հունվարի 30-ին և ծագումով կումանիդին է։ Հետագայում ապրել է Լեռնային Ալթայսկի, Օբի Կամենի, Կուրլեկ գյուղի մանկատներում։ 1983 թվականին հեռացվել է Լեռնային Ալթայսկի դպրոց-ինտերնատի 9-րդ դասարանից։ Ընդունվել է ՊՏՈՒ, որտեղ ստացել է ատաղձագործի մասնագիտություն, ինչից հետո մի որոշ ժամանակ աշխատել է մասնագիտությամբ[1]։ Դրանից հետո մեկնել է ճանապարհորդելու Ալթայում։ Ապրուստի միջոցներ վաստակել է ձարխոտ-արծվապտեր հավաքելով, ոսկի լվանալով, աշխատել է երկրագիտաֆիզիկական արշավախմբում, ձմեռը՝ որպես հնոցապան Լեռնային Ալթայսկում։

Միաժամանակ Նիկոլայ Չեպոկովը նկարել է (իր ուսուցիչ է համարել Ռուսաստանի նկարիչների միության անդամ Սերգեյ Դիկովին), գրել պատմվածքներ։ Առաջին ստեղծագործությունները «Տարակայ» կեղծանունով տպագրվել են «Звезда Алтая» թերթում և «Исток» ալմանախում 1990-ական թվականների սկզբին։ Նովո-Աթայսկի գեղարվեստի ուսումնարան ընդունվելու փորձն անհաջողությամբ է ավարտվել շարադրության մեջ թույլ տված քերականական սխալների պատճառով։

2000 թվականին Նիկոլայ Չեպոկովի գրաֆիկական աշխատանքները ներկայացվել են Մոսկվայում անցկացված ցուցահանդեսում, ապա Իրկուտսկի տարածաշրջանային նկարչական ցուցահանդեսում։ Առաջին անհատական ցուցահանդեսն անցկացվել է Նովոսիբիրսկի «Մոդեռն» պատկերասրահում, ապա Շվեյցարիայում, Ավստրիայում։ 2006 թվականից ապրուստի միջոցներ սկսել է վաստակել գրաֆիկայով[2]։ 2009 թվականին նրա աշխատանքները ներկայացվել են Նովոսիբիրսկի Ակադեմքաղաքի Գիտնականների տանը, 2011 թվականին՝ «Бай Терек» մշակույթի տանը (Ալթայի Հանրապետություն), Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա

Կինը և որդին ապրում են Տուրոչակում։

Լույս են տեսել Նիկոլայ Չեպոկովի գրաֆիկայի երեք ալբոմներ Տարակայ կեղծանունով, որը վերցված է ալթայական «Մաադայ Կարա» էպոսից, որտեղ Տարակայը հավերճական ճամփորդ է, աղքատ թափառաշրջիկ, զվարճասեր ու փիլիսոփա։

Նիկոլայ Չեպոկովի ոճն արվեստագետները բնութագրում են որպես «ազգագրական պրիմիտիվիզմ» կամ «էթնոարխաիկա»։ Ըստ արվեստագիտության դոկտոր Եվգենի Մատոչկինի՝ «Տարակայի արվեստն անկաշկանդ երգ է այն ամենի մասին, ինչ նա տեսնում է... Նա Ասիայի քոչվոր կյանքի ժառանգորդ է, նրա հնագույն նկարչական ավանդույթների շարունակողը...»[3]։

Նիկոլայ Չեպոկովը դարձել է Դմիտրի Վասյուկովի «Երջանիկ մարդիկ։ Ալթայ» վավերագրական ֆիլմի (չորս սերիա, թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերին) հերոսներից մեկը։

Նախկինում Նիկոլայ Չեպոկովը սեփական տուն չի ունեցել և միշտ շրջել է Ալթայում՝ ստեղծելով իր նկարները, որոնցով էլ վաստակել է ապրուստի միջոցներ։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ նրան նվիրել են տուն Ալթայի գյուղերից մեկում, որը կառուցվել է հատուկ նրա համար՝ հաշվի առնելով նրա մասնագիտությունը։

  • Տարակայի անուրջները (ռուս.՝ Грёзы Таракая, Նիկոլայ Չեպոկով, գրաֆիկա), Նովոսիբիրսկ, «Новосибирский полиграфический комбинат», 2006, պատ․ խմբագիր՝ Եվգենի Մատոչկին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Грёзы Таракая (Николай Чепоков, графика). — Новосибирск, 2006. С. 5
  2. «Николай Чепоков: «У меня была идея — выучиться на буддийского ламу…» Горно-Алтайск. Ru. 18.01.2011». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
  3. Грёзы Таракая (Николай Чепоков, графика). — Новосибирск, 2006. С. 62

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]