Ներսես Բաբալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1908 |
---|---|
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1959 |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1931) |
Մասնագիտություն | բժիշկ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Ներսես Ավետի Բաբալյան (1908, Բաքու, Ռուսական կայսրություն - 1959), հայ բժիշկ, փոխգնդապետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, ԽՄԿԿ անդամ (1940)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականից սկսել է աշխատել. եղել է ցրիչ, էլեկտրամանտյոր։ Միաժամանակ ստացել է միջնակարգ կրթություն, իսկ 1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և առողջապահական բաժնի վարիչի պաշտոնով աշխատանքի ուղարկվել Գորիսի շրջան։
1932 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել 57-րդ հրաձգային դիվիզիայի 57-րդ հրետանային գնդում որպես կրտսեր բժիշկ։ 1933 թվականին զինծառայությունն ավարտվում է։ Նույն պաշտոնով կրկին ուղարկվում է Գորիս։ 1935 թվականին տեղափոխվում է Բաքու, աշխատում որպես բժիշկ։ 1937 թվականի հունվարին նորից կանչվում է բանակ և բուժծառայության ուղարկվում Հեռավոր Արևելք։ 1940 թվականին զորացրվում է և նշանակվում Ադրբեջանական ԽՍՀ պետական հսկողության ժողկոմատի գլխավոր հսկիչ։ Այս պաշտոնում մնում է մինչև պատերազմն սկսելը։
1941 թվականի հունիսի 27-ին կամավոր մեկնում է բանակ։ Նշանակվում է № 1550 հոսպիտալի պետ, որին հետագայում միացվում է № 1551 հոսպիտալը։ Կովկասյան ռազմաճակատում գերմանացիների պարտությունից հետո հոսպիտալն անցնում է Առաջին ուկրաինական ռազմաճակատի, իսկ 1944 թվականին՝ Առաջին բելոռուսական ռազմաճակատի տնօրինության տակ, ուր և Ներսես Բաբալյանն աշխատել է մինչև պատերազմի ավարտը։ Կորոստեն քաղաքի մոտերքում, որպես տեսակավորող հոսպիտալի պետ, գլխավորում է մյուս հոսպիտալների բոլոր վիրավոևների ընդունումը։ Հենց այստեղ բժիշկ Ներսես Բաբալյանը մի առանձին խումբ է կազմում և ետ մղում բենդերովցիների հարձակումները։ Ծանր վիրավորվում է և կոնտուզիա ստանում։
Բանակից զորացրվում է 1945 թվականի դեկտեմբերին։ Նույն ամսին էլ նշանակվում է Դիլիջանի տուբառողջարանի գլխավոր բժիշկ, իսկ 1954 թվականին՝ Գագրայի «Արմենիա» առողջարանի գլխավոր բժիշկ։
Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով։ ԼԺՀ կառավարության կողմից արժանացել է «Լեհական Ժողովրդական Հանրապետության խաչ» շքանշանի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 47-48։