Jump to content

Նեոթոմիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թովմա Աքվինացի

Նեոթոմիզմ (նեո․․․ և թոմիզմ), կաթոլիկության պաշտոնական փիլիսոփայությունը, արդիականացված թոմիզմ։ 1879 թվականին Լևոն XIII պապի էնցիկլիկայով նեոթոմիզմ հռչակվել է միակ ճշմարիտ և քրիստոնեության դոգմաներին համապատասխանող փիլիսոփայություն։ Նեոթոմիզմ աստվածաբանական փիլիսոփայության շրջանակներում հակվում է դեպի օբյեկտիվ իդեալիզմը։ Նեոթոմիզմի գոյաբանության հիմքը պոտենցիայի և ակտի մասին ուսմունքն է․ ամեն ինչի «ծագումը» աստծու՝ ակտուալ նախահիմքի պոտենցիայի իրականացումն է։ Ըստ բնափիլիսոփայության, մատերիան զուտ կրավորական նախահիմք է և որոշակիանում է ոչ նյութական ձևի շնորհիվ։ Բարձրագույն ձևը (ձևերի ձևը) աստվածն է, նա է ստեղծել «նախամատերիան» և նյութական կեցության ողջ բազմազանությունը (այդ թվում՝ մարդուն)։ Նեոթոմիստները գտնում են, որ սուբստանցը (համընդհանուր կեցությունը) բանական բնույթ ունի և կարող է ճանաչվել։ Գիտական իմացության սահմանը նեոթոմիզմ համարում է «կեցության էությանը» վերաբերող հարցերը, որոնցով զբաղվում են փիլիսոփայությունը և աստվածաբանությունը։ Գիտության առարկան «երկրորդային պատճառներն» են, դեպքերի արտաքին կապերը, իսկ «վերջնական պատճառները վերաբերում են աստծուն։ Մարդկային բանականությունը ճշմարիտ լինելու համար պետք է ձգտի նմանվել աստվածային բանականությանը։ Նեոթոմիզմի սոցիոլոգիայում հիմնականը «երրորդ» հասարակության գաղափարն է, ըստ որի, իշխանությունը եկեղեցու ձեռքին պետք է լինի։ Նեոթոմիստները պայքարում են մարքսիզմի դեմ, այդ նպատակի համար ստեղծել են «հետազոտական» (Վատիկան, Ֆրայբուրգ և այլն) և գիտաուսումնական (Լյովեն) կենտրոններ։ Վատիկանի II տիեզերական ժողովից (1962—1965 թվականներին) հետո նեոթոմիզմ կրել է ֆենոմենոլոգիայի, էկզիստենցիալիզմի, պերսոնալիզմի, Թեյար դը Շարդենի էվոլյուցիոն-սպիրիտուալիստական ուսմունքի ազդեցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 225