Նաստիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Oxalis triangularis բույսի ֆոտոնաստիան լույսի ազդեցության հետևանքով։ Լուսավորվածությունը նվազելիս տերևները ծալվում են։ Իրական ժամանակում այս գործընթացը տևում է մոտ 90 րոպե

Նաստիաներ (հունարեն թարգմանաբար՝ խտացած), բույսերի երկկողմանի համաչափ կառուցվածք ունեցող օրգանների (տերև, պսակաթերթիկ և այլն) շարժումը որոշակի ուղղություն չունեցող որևէ գործոնի (լույս, ջերմություն) ազդեցությունից։

Նաստիաները տեղի են ունենում բույսի օրգանի վերին և ստորին մասերի բջիջների անհամաչափ աճման կամ տուրգորի (բջջաթաղանթի լարված վիճակի) փոփոխության հետևանքով։ Օրգանի մորֆոլոգիապես վերին կողմի ավելի արագ աճով պայմանավորված շարժումը կոչվում է էպինաստիա (հասցնում է կոկոնների, բողբոջների բացվելուն), ստորին կողմինը՝ հիպոնաստիա (ծաղկածածկոցների փակվելը որոշ ծաղիկների ծաղկումը դադարելուց հետո)։ Ըստ ազդեցության գործոնների տարբերում են լուսավորվածության ինտենսիվության փոփոխությամբ պայմանավորված ֆոտոնաստիաներ (օրինակ՝ խատուտիկի զամբյուղները փակվում են ոչ միայն գիշերը, այլև ամպամած եղանակին), ջերմաստիճանի փոփոխությունից առաջացած թերմոնաստիաներ, որի օրինակ է վարդակակաչի ծաղիկների բացվելը սառը սենյակից տաքը տեղափոխելիս։ Որոշ բույսեր ունեն հակառակ ռեակցիա, օրինակ՝ գիշերային գեղեցկուհու, ձնծաղիկի ծաղիկները փակվում են ուժեղ լույսից, բացվում թույլ լույսի պայմաններում։ Առավել տարածված են նիկտինաստիաները, որոնք առաջանում են գիշերվա և ցերեկվա հաջորդականությունից (ֆոտո— և թերմոնաստիաների համակցման հետևանքով)։ Մեխանիկական գրգիռների, հպումների, ցնցումների ազդեցությամբ են պայմանավորված սեյսմոնաստիաները, որոնք բնորոշ են պատկառուկին, ծորենուն, միջատակեր բույսերին և այլն։ Քեմոնաստիաներն առաջանում են գազային որոշ նյութերի (էթիլեն, ացետիլեն, СО) փոքր քանակության ազդեցությամբ։ Հավանաբար այս բոլոր շարժումները պայմանավորված են ցիտոպլազմայում պարունակվող հատուկ սպիտակուցներով, որոնք միոզինի նման կծկվում են արտաքին գրգիռների ազդեցությունից։ Բազմազան է նաստիաների կենսաբանական նշանակությունը․ դրանք հարմարանք են միջատների միջոցով խաչաձև փոշոտման, ինչպես նաև միջատներ որսալու (միջատակեր բույսեր), անբարենպաստ պայմանների ազդեցությունից ծաղիկները պաշտպանելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 183