Jump to content

Մոնոքաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնոքաղաք
Ենթակատեգորիաքաղաք Խմբագրել Wikidata

Մոնոքաղաքը (ռուսերեն։ моногород) քաղաք է, որի տնտեսության հիմնական մասը կազմված է մեկ ձեռնարկությունից։ Սա նշանակում է, որ աշխատատեղերի մեծ մասը այս ընկերության կողմից է ստեղծվում։

Մոնոքաղաք տերմինը հատկապես հաճախ օգտագործվում է Ռուսաստանում, որտեղ Պլանային տնտեսությունը նպատակահարմար վայրերում ստեղծում էր հարյուրավոր մոնոքաղաքներ։ Իրավիճակը Ռուսաստանի մոնոքաղաքներից շատերում խիստ խնդրահարույց է, քանի որ դրանք ամբողջովին կախված են մեկ ընկերության կամ գործարանի մրցունակությունից որի սարքավորումները խորհրդային ժամանակաշրջանի սարքավորումներ են[1][2]։ Մոնոքաղաքների մեծ մասը հիմնականում կառուցվել է որպես առանձին ձեռնարկություններով այսպես կոչված՝ «քաղաք ձևավորող ձեռնարկությունների» բնակելի տարածքներ, որոնց բնակչությունը ներգրավված է քաղաքաստեղծ ձեռնարկության արտադրական գործընթացում։ Երբ քաղաքաստեղծ ձեռնարկությունները սեփականաշնորհվեցին և/կամ լուծարվեցին, աշխատուժի կառավարման համակարգն արդեն դադարել էր գոյություն ունենալ, ուստի մնացած աշխատուժը չէր կարող տեղափոխվել այլ շրջաններ՝ պահպանելով կենսապայմանները։ Մոնոքաղաքի բնակիչներն չէին ցանկանում ինքնուրույն հեռանալ և աշխատանք փնտրել այլ վայրերում հիմնականում այն պատճառով, որ պետական բնակարանների բաշխման համակարգը այդ ժամանակ գրեթե չկար։

Ռուսաստանի կառավարության 1999–2000 թվականներին անցկացված ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանում կար 467 քաղաք և 332 փոքր շրջաններ, որոնք կարելի էր դասակարգել որպես մոնոքաղաքներ։ Այս քաղաքների ընդհանուր բնակչությունը կազմում էր 25 միլիոն կամ երկրի ընդհանուր բնակչության մեկ վեցերորդ մասը։ Մոնոքաղաքներում առկա են 900 ձեռնարկություններ, որոնց մեծ մասը զբաղվում է ծանր արդյունաբերությամբ[3]։

Մոնոքաղաքները մեծապես տուժեցին 2000-ականների ճգնաժամի ժամանակ, ինչը հանգեցրեց քաղաքներում զանգվածային գործազրկության։ Ուրիշ տարբերակ չունենալով՝ մարդիկ միայն կարողանում էին բողոքել[3]։ 2009 թվականի աղմկահարույց միջադեպերից մեկում հյուսիս-արևմտյան Պիկալյովո քաղաքի մոտ 300 բնակիչներ փակել էին հիմնական մայրուղին՝ բողոքելով աշխատավարձերի մեծ ուշացումների դեմ։ Վարչապետ Վլադիմիր Պուտինը մեկնեց քաղաք և հրամայեց Քաղաքի գերիշխող BasEl Cement Pikalyovo ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկան վճարել ավելի քան 41 միլիոն ռուբլի (1,3 միլիոն դոլար) քաղաքի բնակիչներին։ Գումարը վճարվեց, և իրավիճակը քաղաքում հանդարտվեց, բայց Պիկալյովո գործարանների երկարաժամկետ կենսունակության վերաբերյալ հարցեր մնացին։

2018 թվականի դրությամբ ռուսական մոնոքաղաքները 319 են եղել[4]։ Քաղաքները կարող են հանվել ցուցակից, եթե տեղական տնտեսությունները բավականաչափ դիվերսիֆիկացված են[4][5] : 2017 թվականի վերջի դրությամբ 14 միլիոն ռուսներ ապրում են մոնոքաղաքներում[6] : 2014 թվականին ստեղծվեց մոնոքաղաքների զարգացման հիմնադրամը, որը միտված էր ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելուն, և խթանելուն տնտեսության դիվերսիֆիկացիան։ Մոնոքաղաքների ցուցակը բաժանված է կատեգորիաների՝ կախված սոցիալ-տնտեսական իրավիճակից[7]։ Պարտադիր չէ, որ մոնոտաքաղաքները տնտեսապես ոչ զարգացած լինեն, օրինակ Նորիլսկը միջինից բարձր զբաղվածության մակարդակ ունի, ինչպես նաև համեմատաբար բարձր աշխատավարձեր[6]

Ռուսաստանի ամենամեծ մոնոքաղաքը Տոլյատին է, որն ունի 700 հազար բնակչություն։ Այնտեղ է գտնվում ԱվտոՎԱԶ խոշոր գործարանը, որտեղ 2008 թվականի վերջի դրությամբ աշխատում էր 106000 մարդ։ AvtoVAZ-ը Ռուսաստանի խոշորագույն ավտոարտադրողն է, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 1%-ը[1]։ 2014 թվականից AvtoVAZ-ը պատկանում է Nissan-Renault-ին, որն օգտագործում է նույնիսկ ավելի կոշտ աշխատուժի քաղաքականություն, քան նախորդ սեփականատերը։ Դալնեգորսկը, որը գտնվում է Ռուսաստանի Հեռավոր Արևելքում, մոնոքաղաք է, որի բնակչությունը կազմում է մոտ 40000 մարդ։ Քաղաքի տնտեսության մեջ ամբողջությամբ գերակշռում են երկու հանքարդյունաբերական և մետաղագործական ընկերություններ՝ JSC Bor և JSC Dalpolimetal, երկուսն էլ OOO Մեծ Բրիտանիայի ռուսական հանքարդյունաբերական ընկերության (RGRK) դուստր ձեռնարկություններն են։ Նրանք արտադրում են ցինկի և կապարի խտանյութեր, ինչպես նաև բորաթթու կոլեմանիտ[1]։

Խորհրդային Միություն և հետխորհրդային այլ շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական տնտեսությունը նպատակ ուներ արդյունաբերական օբյեկտներ հիմնել ռացիոնալ վայրերում՝ հիմնված ռազմական, քաղաքական, բյուրոկրատական և տնտեսական չափանիշների վրա։ Նպատակն էր առավելագույնի հասցնել տարածաշրջանային մասնագիտացումը։ Գերիշխող ձեռնարկությունը պատասխանատու էր ոչ միայն արտադրության, այլ բնակչությանը սոցիալական ծառայությունների մատուցման համար, ինչպիսիք են բնակարանը, երեխաների խնամքը և այլն[1]։ ԽՍՀՄ փլուզումից հետո մոնոքաղաքներում գերիշխող ձեռնարկությունների մեծ մասը սեփականաշնորհվեցին, և հետևաբար նրանցից շատերը սնանկացան մինչև 1990-ականների վերջը, կամ միտումնավոր կամ անմրցունակության պատճառով՝ որը պայմանավորված էր սպառողական ապրանքների ոլորտից դուրս ներքին շուկայի փոքրացմամբ՝ Չինաստանից, Թուրքիայից կամ այլ երկրներից էժան արդյունաբերական ապրանքների անսահմանափակ ներմուծմամբ և մասնավոր սեփականատերերի երկարաժամկետ ներդրումների բացակայությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Russian Economic Report, June 2010» (PDF). World Bank. 2010 թ․ հունիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  2. «Darkness on the Edge of Monotown». The New York Times. 2009 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 «Russia's 'monotowns' are running out of steam». World Economic Forum (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 «Список моногородов в России "заморожен" до конца 2018 года». ТАСС. 2017 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «Russia's next revolution: how technology came to the mines». Financial Times. 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 «Russia's 'monotowns' face imminent collapse». Financial Times. 2016 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Shastitko, A.; Fatikhova, A. (2016). «Monotowns: A Quantitative Analysis» (PDF). Baltic Region. 8 (2): 4–19. doi:10.5922/2079-8555-2016-2-1. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.