Մոնղոլական ձի, տեղական, տափաստանային հնագույն ծագման ձի։ Բուծվում է Մոնղոլիայում։ Մնդավի բարձրությունը մոտ 130 սմ է։ Ունի զարգացած մկանունք, ամուր ոտքեր և խիտ մազածածկ։ Դիմացկուն է․ հեշտությամբ քայլում է չոր տափաստանի և կիսաանապատի ավազներով, ցրտադիմացկուն է։ Հարմարված է շուրջտարյա երամակային պահվածքի պայմաններին։ Տարածված թույրերն են մոխրագույնը և աշխետը։ Օգտագործվում է որպես հեծկան, լծկան, բեռնակիր, ինչպես նաև մսատու և կաթնատու կենդանի։ Երկարակյաց է․ աշխատունակությունը պահպանում է մինչև 18 և ավելի տարի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 711)։