Մարիա Կոնսեպսիոն Լոպերենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կոնսեպսիոն Լոպերենա
Դիմանկար
Ծնվել է1750 կամ փետրվարի 12, 1775(1775-02-12)[1]
ԾննդավայրValledupar, Կոլումբիա
Մահացել էդեկտեմբերի 21, 1835(1835-12-21)[1]
Քաղաքացիություն Կոլումբիա
 María Concepción Loperena Վիքիպահեստում

Մարիա Կոնսեպսիոն Լոպերենա դե Ֆերնանդես դե Կաստրո (անգլ.՝ María Concepción Loperena de Fernández de Castro, մականունը՝ «Լա Լոպերենա» կամ «Հերոսուհի», 1750 կամ փետրվարի 12, 1775(1775-02-12)[1], Valledupar, Կոլումբիա - դեկտեմբերի 21, 1835(1835-12-21)[1])[2], կոլումբիացի անկախության ակտիվիստ և հայրենասեր, որը Վալեդուպարի անկախության հարցում աջակցել է Սիմոն Բոլիվարի բանակին։ Եղել է նաև աբոլիցիոնիստ և Բեսերիլի ու Լա Հագուա դե Իբիրիկոյի իր կալվածքներից ազատ է արձակել հարյուրավոր ստրուկների։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան ծնվել է Նոր Գրանադայի փոխարքայության (այժմ՝ Կոլումբիա) Վալեդուպար քաղաքում 1775 թվականի փետրվարի 12-ին։ Եղել է իսպանացի Պելայո Լոպերենայի ու վալեդուպարցի Մարիա Ժոզեֆա Ուստարիսի դուստրը։

1785 թվականին ամուսնացել է Սանտա Մարթայում ծնված հողատեր նահանգապետ Խոսե Մանուել Ֆերնանդես դե Կաստրո Պերես Ռուիս Կալդերոնի հետ, որը Վալեդուպար է ուղարկվել Սանտա Մարթայի նահանգապետ Խոսե դե Աստիգարրագայի հրամանով[3]՝ էնկոմիենդաներ կազմակերպելու և հարկերի համար։ Նա անասնաֆերմաներ է հիմնել Բեցերիլում և Լա Յագուա դե Իբիրիկոյում, որոնց ղեկավարությունն ստանձնել է Մարիա Կոնսեպսիոնը՝ այրիանալուց հետո։

1812 թվականի հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականին Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան Վալեդուպարում հեղափոխական միջավայր ձևավորած առաջին կինն էր։ Իր որդուն՝ Պեդրո Նորբերտո Ֆերնանդես դե Կաստրո Լոպերենային ուղարկել է Կարտախենայի այն ժամանակվա նախագահ Մանուել Ռոդրիգես Տորիկեսի մոտ՝ անկախության շարժման վերաբերյալ Իսպանիայից հրահանգներ ստանալու։ Մարիան Չիրիգուանա քաղաքում հանդիպել է «Ազատագրող» Սիմոն Բոլիվարի հետ՝ Վալեդուպարում և շրջակայքում անկախության ծրագրեր իրականացնելու նպատակով։ Վերջինիս հրամանով կազմակերպել և հռչակել է Վալեդուպար քաղաքի անկախության ակտը 1813 թվականի փետրվարի 4-ին, առավոտյան ժամը 10:00։ Հենց նույն օրը ազատություն է շնորհել Բեսերիլի ու Լա Հագուա դե Իբիրիկոյի իր կալվածքների հարյուրավոր ստրուկների[2]։

Անկախության ապստամբության պատճառով փախուստի մեջ գտնվող Վալեդուպարի այն ժամանակվա քաղաքապետ Մարկես Վալդե-Հոյոսի աջակիցները Մարիային հետապնդելու հրաման են տվել։ 1818 թվականին Սանտա Մարթայի այն ժամանակվա նահանգապետ Պեդրո Ռուիս դե Պորրասը հրամայել է իր ենթականեր Խուան Սալվադոր Անսելմո Դազային և Բուենավենտուրա դե լա Սիերային ձերբակալել Մարիա Կոնսեպսիոն Լոպերենային և ուղարկել նրան Սանտա Մարթա։ Նրան չգտնելով՝ բռնագրավել են վերջինիս ունեցվածքը, սակայն Կուկուտայի Վիլլա դել Ռոսարիո քաղաքում 1821 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված հրամանագրով Մարիա Կոնսեպսիոն Լոպերենայի ունեցվածքը վերադարձվել է նրան։

Կրթության նախակարապետ Վալեդուպարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան Վալեդուպարում կրթության առաջամարտիկ էր։ 1820 թվականի հոկտեմբերի 6-ի գործադիր հրամանագրով Գրան Կոլումբիայի գործող նախագահ Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտանդերը 1821 թվականի օգոստոսի 6-ի օրենքի համաձայն հրաման է արձակել[2]։ Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան աշխատել է Սանտանդերի հետ Վալեդուպարում ազգային քոլեջ ստեղծելու ուղղությամբ։ Այս նպատակով նրա խնդրանքով ստեղծվել է լանկաստերյան մեթոդով գործող առաջին դպրոցը, որը հրամանագրվել է 1824 թվականի մայիսի 17-ին։ Դպրոցը գործել է Դոմինիկյան հայրերի մենաստանում, որն այսօր Վալեդուպարի խորհրդի շենքի մաս է կազմում[2]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կոնսեպսիոն Լոպերենա դե ֆերնանդես դե Կաստրոյի հուշարձանը Վալեդուպարում, Կոլումբիա

Ենթադրվում է, որ Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան մահացել է 1835 թվականի դեկտեմբերի 21-ին։ Նրա մարմինը փաթաթվել է Նոր Գրանադայի Հանրապետության դրոշով, հրամանագրեր են ընդունվել Մագդալենա Ինքնիշխան Պետության Օրենսդիր ժողովի և Կոլումբիայի Կոնգրեսի կողմից։

Նրա մահը սգացել են Վալեդուպարում բազմաթիվ տոնակատարությունների դադարեցմամբ, ինչպիսիք են՝ Սուրբ Ծնունդն ու Զատիկը։ Սգո արարողություններ են տեղի ունեցել դե լա Կոնսեպսիոն եկեղեցում։ Հուղարկավորվել է քաղաքային գերեզմանատանը։ Հետագայում նրա մասունքները որդին տեղափոխել է ծխական եկեղեցի, որից հետո իր դուստրը՝ Մարիա Կոնսեպսիոն Ֆերնանդես Դե Կաստրո դե Դիաս Գրանադոսը գողացել է դրանք ու տարել իր տուն։ 1850 թվականին այդ մասունքները կրկին վերահուղարկավորվել են Սանտո Դոմինգո եկեղեցում։

1940 թվականին ընդունված 95-րդ օրենքի ուժով Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան ճանաչվել է հերոսուհի։

2004 թվականի փետրվարի 14-ի 002 համաձայնագիրը հաստատվել է Վալեդուպարի խորհրդի կողմից, որով փետրվարի 4-ը Վալեդուպարում հայտարարվել է պատմական օր և Քաղաքապետարանի դրոշը կարգադրվում է բարձրացնել հասարակական հաստատություններում, հատկապես դպրոցներում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://books.google.com/books?id=KZhODwAAQBAJ&pg=PT129
  2. 2,0 2,1 2,2 2,3 López, Ana Belén García (2016 թ․ օգոստոսի 18). Las heroínas silenciadas en las independencias hispanoamericanas (իսպաներեն). Penguin Random House Grupo Editorial España. էջեր 129, 203, 205, 206, 212, 215. ISBN 978-84-9112-679-9. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  3. Helg, Aline (2004). Liberty and Equality in Caribbean Colombia, 1770-1835 (անգլերեն). University of North Carolina Press. ISBN 978-0-8078-2876-2. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  4. El Pilon: Por fin, Valledupar va a celebrar su Independencia