Jump to content

Մատղաշների դիսպեպսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատղաշների դիսպեպսիա, մարսելախանգարում, հորթերի և խոճկորների (հազվադեպ՝ գառների ու մտրուկների) հիվանդություն՝ կյանքի առաջին 7 օրերին՝ խիժի և կաթի բնականոն մարսման խանգարումների հետևանքով։ Չմարսելու պատճառով առաջանում է աղիքային դիսբակտերիոզ, լուծ (օրգանիզմի ջրազրկման դեպքում նկատվում են թունավորման երևույթներ, ընկճվածություն, մկանային դող և այլն)։ Դիսպեպսիայի մատղաշների գլխավոր պատճառը պտղակրության շրջանում մոր կերաբաժնի թերարժեքությունն է, մարսելի պրոտեինի, վիտամինների, հանքանյութերի անբավարարությունը, որը հանգեցնում է հղիների փոխանակության կենսընթացների խանգարման և դրա հետ կապված՝ ծնվում է թույլ, ցածր դիմադրողականությամբ պտուղ։ Դիսպեպսիան մատղաշների զարգանում է նաև 1-ին կերակրման ժամանակ խիժի ուշացումով տրվող չափաբաժնի, սառած, աղտոտված խիժով (հատկապես՝ մաստիտով հիվանդ մոր) կերակրելու դեպքում։ Մատղաշների դիսպեպսիա կարող է լինել ինքնաիմունային ծագման, երբ մոր խիժի մեջ առկա են լյարդի, ենթաստամոքսային գեղձի և աղիների հակածինների նկատմամբ ինքնահակամարմիններ։

Քաղցի կերակարգ՝ 6-12 ժ հորթերի և 4-6 ժ խոճկորների ու գառների համար (նրանց մայրերից կտրելով), սակայն պարտադիր խմեցնում են տաք ֆիզիոլոգիական լուծույթ։ Քաղցածությունից հետո խիժը տալիս են ոչ մեծ բաժիններով, աստիճանաբար հասցնելով սահմանված չափաքանակին, նշանակում են նաև ֆերմենտային պատրաստուկներ, մակրո և միկրո տարրեր պարունակող էլեկտրոլիտների լուծույթներ, օրգանիզմի պաշտպանական ուժերը խթանող հակաբակտերային նյութեր և այլն։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրական գլխաքանակի կերակրման և պահվածքի բարելավում (կովերին առանձին շենքամասում), ծնարանում և նորածինների պահվածքի տեղերում՝ սանհիգիենային ռեժիմի պահպանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։