Մարսելախանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարսելախանգարում, դիսպեպսիա (հուն, δύσπεπτος-դժվարամարսելիություն), ստամոքսա-աղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ։ Պատճառը սննդի քանակի և որակի նկատմամբ օրգանիզմի պահանջների և այդ սննդանյութը մարսողական օրգանների բնականոն քանակությամբ ֆերմենաներով մարսելու հնարավորության անհամապատասխանությունն է։ Առավել հաճախ հանդիպում է մինչև 8-9 ամսական երեխաների մոտ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարսելախանգարում» տերմինն առաջարկել է վիեննացի մանկաբույժ Հ․ Վիդերհոֆերը, XIX դարի վերջում։ Ներքին հիվանդությունների կլինիկայում մարսելախանգարումը նույնացվում է մի շարք հիվանդությունների ընթացքում առաջացած ստամոքսաաղիքային տարբեր խանգարումների հետ։

Մարսելախանգարումը մանկաբուժության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկաբուժության մեջ տարբերում են մարսելախանգարման կլինիկական հետևյալ ձևերը՝ հասարակ, թունավոր և հարաղիքային (պարէնտերալ)։ Առաջին երկուսն առաջանում են կրծքի երեխայի կերակրման կանոնների խախտման, իսկ հարաղիքայինը՝ սուր հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիտ, միջին ականջի բորբոքում և այլն) հետևանքով։ Նշված բոլոր դեպքերում երեխան դառնում է անհանգիստ, որովայնը փքվում է, ախորժակը վատանում, առաջանում են փսխումներ, կղանքը դառնում է հաճախակի (օրական մինչև 10 անգամ)։ Օրգանիզմի ջրազրկման հետևանքով երեխայի քաշը խիստ պակասում է։ Թունավոր մարսելախանգարման ընթացքը առավել ծանր է, ի հայտ են գալիս սիրտ-անոթային և նյարդային համակարգերի, նյութափոխանակության և ծայրամասային արյան շրջանառության խանգարումներ։ Թունավորման հարաճուն ընթացքի դեպքում կարող են զարգանալ կոլապս և կոմա։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակ մարսելախանգարման՝ սննդի ռեժիմի կարգավորում, դյուրամարս դիետա, ստամոքսի շարժողությունն ու հյութազատությունը կարգավորող միջոցներ (աղաթթու՝ պեպսինի հետ, պանկրեատին), В, С խմբի վիտամիններ։

Թունավոր մարսելախանգարում՝ ստացիոնար պայմաններում, սիրտ-անոթային համակարգի գործունեությունը լավացնող միջոցներ (սրտային գլիկոզիդներ, կոկարբօքսիլազ), արյանը փոխարինող հեղուկներ։

Հարաղիքային մարսելախանգարման դեպքում՝ հիմնական հիվանդության բուժում։ (տես Մարսողական համակարգ) , (տես Մարսողություն)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 340 CC-BY-SA-icon-80x15.png