Jump to content

Մաշկ (ֆիլմ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշկ
անգլ.՝ Skin
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական2008
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնթոնի Ֆաբիան[1]
ԴերակատարներՍոֆի Օկոնեդո, Սեմ Նիլ, Էլիս Մաուդ Քրիգե, Թոնի Կգորոգե և Ջոնաթան Պինար
Պատմվածքի վայրՀԱՀ
ԿինոընկերությունBBC
Տևողություն102 րոպե

«Մաշկ» (անգլ.՝ Skin), ռեժիսոր Էնթոնի Ֆաբիանի կենսագրական ֆիլմը Սանդրա Լեյնգի մասին, որը հարավաֆրիկացի կին էր՝ ծնված սպիտակ ծնողներից ապարտհեյդի ժամանակաշրջանում, բայց դասվել էր «գունամորթների» խմբին։ «Մաշկը» ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է Տորոնտոյի կինոփառատոնում, 2008 թվականի սեպտեմբերի 7-ին։ Մեծ Բրիտանիայում այն ցուցադրվել է 2009 թվականի հուլիսի 24-ին։

Ֆիլմը սկսվում է ՀԱՀ-ում անցկացվող առաջին բազմառասա ընտրություններով, որտեղ քվեարկության է գալիս Սանդրա Լեյնգը, իր ընտանիքի հետ։ Գործողությունները տեղի են ունենում 20 տարի առաջ, տասնամյա Սանդրան կարծես թե իրական աֆրիկացի լինի։ Արևելյան Տրանսվալում խանութ ունեցող նրա սպիտակ ծնողները, մինչև երեխայի ծնվելը չէին կասկածում, որ իրենց տոհմում եղել են նաև աֆրիկացիներ։ Սանդրային շուտով ուղարկում են մոտակա քաղաքի գիշերօթիկ դպրոց, որտեղ արդեն սովորում էր նրա սպիտակ եղբայրը՝ Լեոն, սակայն երեխաների ծնողները և ուսուցիչները դեմ են աղջկա դպրոց ընդունվելուն։ Պետական պաշտոնյաները ստուգում են Սանդրային՝ դասակարգելով նրան գունամորթների խմբին (բժիշկ Վան Նիկիրկը օգտագործում է մատիտի թեստը) հեռացնում են դպրոցից։ Որոշ ժամանակ անց ծնվում է Սանդրայի փոքր եղբայրը, որի դիմագծերը ինչ որ չափով նման են լինում սևամորթի, չնայած ոչ այնքան խիստ, որքան քրոջը։ Սանդրայի գործը հասնում է մինչև Գերագույն դատարան՝ ձեռք բերելով համազգային ճանաչում։ Ի վերջո խորհրդարանը փոփոխություն է կատարում օրենքում, ըստ որի սպիտակությունը որոշվում է ոչ թե արտաքին տեսքով, այլ ծագումով։ Չնայած դրան, Սանդրային սպիտակ տղայի հետ ամուսնացնելու ծնողների փորձերը մշտապես ձախողվում էին։ Երբ երկրպագուներից մեկը նրան սրճարան էր հրավիրում, մյուս հաճախորդները սկսում էին բողոքել, որ իրենց միջավայրում ոչ սպիտակ կա։ Սանդրային օգնում է փախչել կոսա ազգության սևամորթ տղան՝ Պետրուս անունով։

Սանդրան սկսում է գաղտնի հանդիպել Պետրուսի հետ և հղիանում է նրանից։ Ի վերջո, հայրը նրան ընտրության առաջ է կանգնեցնում, ընտանիքը, կամ Պետրուսը, և Սանդրան գնում է նրա հետ ապրելու։ Հայրը, որ նրան դավաճան էր համարում, խոչընդոտում է ընտանիքի անդամների հետ շփումներին, այրում է նրա լուսանկարներն ու անձնական իրերը։ Պետրուսի և Սանդրայի ընտանիքում ծնվում են երկու երեխաներ։ Սակայն Պետրուսի բիզնեսն այնքան էլ հաջող չէր ընթանում, և այդ անհաջողությունների համար նա մեղադրում էր իր «սպիտակ» կնոջը։ Ավանը, որտեղ ապրում էր Պետրուսի և Սանդրայի ընտանիքը, ի վերջո քանդվում է, քանի որ գտնվում էր այն տարածքում, որը տեղափոխվել էր «սպիտակների» կատեգորիա։ Պետրուսի խանութը ավերվում է և ընտանիքը մնում է առանց եկամտի։ Զայրույթից Պետրուսը երեխաների ներկայությամբ ծեծում է Սանդրային, որն էլ երեկոյան գաղտնի վերցնում է երեխաներին և հեռանում։ Ծնողները հրաժարվում են տեսնել նրան և նա նոր կյանք է սկսում Յոհաննեսբուրգի «գունամորթների» միջավայրում, որտեղ էլ աշխատանքի է տեղավորվում գործարանում։ Մահամերձ հայրը ցանկանում է հանդիպել աղջկան և ներում խնդրել, բայց կինը նրան պատասխանում է. «Դու ինքդ ես կատարել այդ ընտրությունը»։

Ապարտհեյդի վերացումից հետո լրագրողները գտնում են Սանդրային և հարցնում նրան արդյոք ուրախ է տեղի ունեցած փոփոխությունների համար։ Նա պատասխանում է, որ ուրախ է երկրի համար, բայց արդեն շատ ուշ է, ինքը կորցրել է ընտանիքին և հարազատներին։ Բժիշկ Վան Նիկիրկը, ով իրեն մեղավոր էր համարում Սանդրային «գունամորթների» խմբին վերաորակավորելու հարցում, օգնում է նրան գտնելու մորը։ Ֆիլմն ավարտվում է հիվանդանոցում նրանց հանդիպումով, այնուհետև հետևում են կինոխրոնիկայի կադրերը Սանդրայի և նրա ընտանիքի անդամների կյանքի իրական պատմության մասին։ Ֆիլմի ենթագրերում ասվում է, որ Սանդրայի հարազատ եղբայրները հրաժարվում են նրա հետ տեսակցելուց, հայրը մահանում է քաղցկեղից, իսկ Պետրուսին սպանում են հարբած՝ ծեծկռտուքի ժամանակ։

  • Սոֆի Օկոնեդո՝ Սանդրա Լեյնգ
  • Սեմ Նիլ՝ Աբրահամ Լեյնգ
  • Էլիս Կրիգե՝ Սաննի Լեյնգ
  • Թոնի Կգորոգե՝ Պետրուս Զվանե
  • Թերի Էնն Էքստեյն՝ Էլիզ Լեյնգ (19 տարեկան)
  • Բոնգանի Մասոնդո՝ Հենրի Լեյնգ (20 տարեկան)
  • Էլլա Ռամանգվանե՝ Երիտասարդ Սանդրա Լեյնգ
  • Ջոնաթան Պինար՝ Վան Նիկիրկ
  • Հանես Բրամեր՝ Լեոն Լայգ
  • Օնիդա Քաուան՝ Միսս Վան Ույս
  • Լորեն Դաս Նևես՝ Էլիզ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]