Մանստևի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանստևի վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Լոռու մարզ
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Կազմված էԵկեղեցի, Թևավոր խաչ, Միաբանության շենքը և Շրջապարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
 Manstev Monastey Վիքիպահեստում

Մանստևի վանք[2] գտնվում է Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք (Գուլաբի կոչվող սարի ստորոտում), նույնանուն` Մանստև գետակի աջափնյա անտառապատ մասում, Ձորիգեղ կոչվող հին բնակավայրի հետ կապվել է Մանստև գետակի վրա կառուցված քարե կամուրջով[3]։

Վանքից պահպանվել են եկեղեցին, կացարանների և պարսպապատերի մնացորդները։ Եկեղեցին երկլանջ կտուրով միանավ թաղակապ դահլիճ է` 5.6 x 4.8 մ չափերով, արևելյան մասում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմերում կան ¾ շրջանաձև կտրվածքի պատուհաններ։ Վերջիններս կապված են խորանի անկյունային մասերի լիցքից ազատ գլանաձև տարածությունների հետ։ Մուտքերը երեքն են՝ հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից։ Ծածկված է կիսագլանաձև թաղով, որը միջին մասում ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքի որմնամույթերից բարձրացող թաղակիր կամարով։ Հարավային և Հյուսիսային պատերի երկարությամբ արված են որմնակամարներ (4-ական), որոնց կրունկները հենվում են պահունակ-իմպոստների վրա (բացի միջին մասից, որտեղ հենարան են ծառայում որմնամույթերը)։ Արտաքին տեսքում աչքի են ընկնում վերասլաց ճակտոնապատերը, որոնց գագաթին, որպես պահպանիչ խորհրդանշաններ, եղել են խոյի գլուխ պատկերող քանդակներ։ Երեսապատի և ձևավոր մասերի քարերը, ինչպես նաև ծածկասալերը ամբողջությամբ հանված են։ Հատուկենտ պահպանվածներից երևում է, որ կառուցված է եղել սրբատաշ խոշոր բազալտե քարերով։ Ունեցել է մեծ բարձրության գոգավոր տրամատի քիվ։ Ներսի մասերը կոպտատաշ մանր բազալտե քարերով են։ Առաստաղի վրա նկատելի են սվաղի մնացորդներ։ Հյուսիսային ճակատի ողջ երկարությամբ եղել է կցակառույց սրահ (մոտ 3 մ լայնությամբ), որից պահպանվել է միայն ստորին մասը։

Հուշարձանն աչքի է ընկնում քարի մշակման և կառուցողական բարձր հատկանիշներով, երկայնական պատերի որմնակամարների յուրօրինակ հնարքով։

Մանստևի վանքի վերաբերյալ պատմական տեղեկություններ կամ գրավոր հիշատակություններ հայտնի չեն։ Եկեղեցին կառուցման ոճով հարազատ է քաղկեդոնական դավանանքի եկեղեցիներին, որը հիմք է տալիս այն թվագրելու XIII դարով։

Կամուրջը (XVII դար) կառուցված է Մանստև գետակի վրա, դեպի Ձորագյուղ հին բնակավայրը տանող ճանապարհին, նեղ ու ժայռեղեն ափեր ունեցող նպաստավոր տեղում։ Միաթռիչք է, ունի 6 մ լայնությամբ կիսաշրջան կամարային բացվածք, որի կենտրոնը զգալիորեն բարձր է հենման կետերից։ Վերջիններիս վրա կամարի կրունկները նստում են ուղղաձիգ պատերի շնորհիվ։ Երթևեկելի մասը հողածածկ է՝ 3 մ լայնությամբ։ Կամուրջը կառուցված է սրբատաշ բազալտե ոչ խոշոր (30-35 սմ) քարերով։ Վրան արձանագրություններ կամ հարդարանքի տարրեր չկան։ Աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած բարենպաստ կապով, կառուցողական բարձր հատկանիշներով։

Հարավարևելյան մասում տարածվում է հին գերեզմանոց, որտեղ աչքի է ընկնում Վարդան Զորավար կոչված խաչքարը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ՀՀ վանական համալիրների ցանկ». 2019 թ․ դեկտեմբերի 28. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Մանստևի վանք». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  4. hushardzantest. «ՄԱՆՍՏԵՎԻ ՎԱՆՔ (XIII Դ.)». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Շախկյան, «Լոռի Պատմության քարակերտ էջերը», էջ 128-129։
  2. Վ. Ավետյան, Կիկլոպյան ամրոցներ Շնողի տարածքում, «Լրաբեր հաս. գիտ.», 1979 № 6, էջ 112-114։
  3. Գ. Երզնկյանց, Հնութիւնք հայրենեաց, Կայծոն կամ Շնող, «Արձագանք», 1895, № 30, էջ 2։