Մալաք Թավուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալաք Թավուսի պատկերը

Մալաք Թավուս (թարգմանությունը՝ «հրեշտակ-սիրամարգ»), եզդիականությունում գլխավոր հրեշտակն է։ Սիրամարգը խորհրդանշում է բազմազանությունը, ամրությունը և իշխանությունը։ Աստված տվել է ամբողջ աշխարհը յոթ հրեշտակների, այդ թվում Մալաք Թավուսին։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ եզդիական հավատալիքների, Աստված տիեզերքն ստեղծել է Մալաք Թավուսի օգնությամբ՝ նրա հետ միասին։ Իսկ որոշ բանավոր լեգենդներում էլ նա է անմիջապես հանդես գալիս որպես արարիչ։ Մալաք Թավուսը եզդիական դավանանքում երբեմն հանդես է գալիս որպես աստված, երբեմն՝ նրա տեղակալ, երբեմն էլ՝ որպես նախկինում աստծու մերձավոր և հետագայում դրախտից վտարված հրեշտակ։ Մալաք Թավուսի կերպարի վերջին ընկալումը եզդիական հավատալիքներում բավական թույլ է արտահայտված։ Եզդիական սույն աստվածությանը վերագրվել է ավելի շուտ եզդիների նկատմամբ թշնամաբար տրամադրված իսլամադավան հարևանների կողմից՝ Արևելքում տարածված հայտնի այն ավանդության ազդեցությամբ, ըստ որի Սատանան նախկինում եղել է Աստծո մերձավոր հրեշտակներից, ով դրդել է Ադամին ու Եվային ուտելու արգելված ցորենի հասկերը (աստվածաշնչային ավանդության խնձորի փոխարեն), և դրանով պատճառ դարձել վերջիններիս վտարմանը դրախտից։ Ըստ արևելյան նույն ավանդության, Սատանային օգնել է Օձը՝ նրան իր բերանում թաքցրած դրախտ մտցնելով։ Աստված զայրանում է այդ արարքի համար և Սատանային վտարում է դրախտից, իսկ Օձին՝ զրկում ձեոքերից ու ոտքերից և դատապարտում հավերժ սողալու երկրի վրա։

Մալաք Թավուսը եզդիների ծիսական առարկաների համակարգում պատկերվում է աքաղաղի կերպարանքով՝ ամրացված աշտանակին։ Նման ձևի պղնձե արձանիկներ պահվում են Լալեշում և ամեն տարի ղավալների (եզդի հոգևորականության ստորին դասերից մեկը) կողմից պտտեցվում են եզդիաբնակ շրջաններում։ Դրանց միջոցով հավատացյալ համայնքից նյութական հանգանակություն է գանձվում՝ հօգուտ հոգևոր կենտրոնի։ Այդ արձանիկները կոչվում են սանգակներ և խիստ գաղտնի են պահվում այլադավաններից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Ս. Ասատրյան, Ա. Պ. Փոլադյան, «Եզդիների դավանանքը». Պատմաբանասիրական հանդես, 1989, № 4, էջ 131-150