Ձայնագիտություն, ակուստիկա, նեղ իմաստով՝ ուսմունք ձայնի մասին, լայն իմաստով՝ ֆիզիկայի բնագավառ, որն ուսումնասիրում է հաճախականությունների ընդարձակ տիրույթի առաձգական տատանումներն ու ալիքները, դրանց փոխազդեցությունը նյութի հետ, ինչպես նաև այդ տատանումների (ալիքների) կիրառությունները։ Ձայնագիտությունը գիտելիքների հնագույն բնագավառներից է ծագել խոսքի ու լսողության, երաժշտական ձայների ու գործիքների հետ կապված երևույթները բացատրելու համար։ Ինչ վերաբերում է նվագարանների հնչմանը և համերգային սրահներում կատարվող երաժշտության լսելիության որակին, որ կախված է նրանց ձայնաբանական հատկանիշներից, ապա այն հայտնի է որպես «երաժշտական հնչականություն»։
Դեռևս հույն փիլիսոփա ու մաթեմատիկոսՊյութագորասը (մ. թ. ա. 6-րդ դար) կապ է հայտնաբերել տոնի բարձրության և լարի կամ փողի երկարության միջև։ Արիստոտելը (մ. թ. ա. 4-րդ դար) նկատել է, որ ձայնի տարածումը կապված է միջավայրի սեղմման և նոսրացման, իսկ արձագանքը՝ անդրադարձման հետ։
Միջնադարում Ձայնագիտության զարգացումը դադարում է և նորից առաջընթաց է ապրում միայն Վերածնության դարաշրջանից սկսած։ Ձայնագիտության զարգացման պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի։ Առաջին փուլը (17-րդ դարի սկիզբ-18-րդ դարի սկիզբ) ընդգրկում է երաժշտական տոների, դրանց աղբյուրների (լար, փող), ձայնի տարածման արագության հետազոտությունները։ Գալիլեո Գալիլեյը և ֆրանսիացի գիտնական Մ. Մերսենը սահմանել են լարի տատանումների ճշգրիտ քանակական օրենքները։ Երկրորդ փուլում (18-րդ դարի սկիզբ-20-րդ դարի սկիզբ) ձայնագիտությունը զարգանում է իբրև մեխանիկայի բաժին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 689)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 495)։