Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Հումք, հում նյութեր, աշխատանքի առարկա, որն աշխատանքի ազդեցությամբ արդեն որոշակի փոփոխություններ է կրել և ենթակա է հետագա վերամշակման։ Արտադրության պրոցեսում հումքը կազմում է պատրաստի արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի նյութական հիմքը, իր արժեքը լրիվ փոխանցում է նորաստեղծ արդյունքին։ Տարբերում են արդյունաբերության և գյուղատնտեսության ծագում ունեցող հումքեր։ Արդյունաբերության հումքը, իր հերթին, բաժանվում է հանքայինի և արհեստականի։ Ըստ օգտագործման ոլորտի հանքային ծագման հումքը ստորաբաժանվում է վառելիքա-էներգե-տիկականի, մետալուրգիականի, լեռնաքիմիականի, տեխնիկականի, շինանյութերի արտադրության հումքի և այլն։ Արհեստական հումքեր են սինթետիկ խեժերը, պլաստմասսաներն ու կաուչուկը, կաշվի փոխարինիչները և այլն։ Գյուղատնտեսական հումքը լինում է բուսական (հացահատիկային կուլտուրաներ, փայտանյութ և այլն) ու կենդանական (միս, ձուկ, կաթ, բուրդ, հում կաշի) ծագման։ Գործնական նշանակություն ունի հումքի դասակարգումն ըստ որակական հատկանիշի, նաև առաջնայինի (հանքային հումք) և երկրորդայինի (արտադրության թափոն, մետաղի ջարդոն և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 641)։