Jump to content

Հմայագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հմայագիր, հմայագրերը հանդիպում են ժապավենաձև և գրքային հմայիլներում, որոնք բովանդակում են կախարդական և մոգական նշանակությամբ աղոթքներ, հմայանքի բանաձևեր և նշանագրեր[1] Սրանք գալիս են նախաքրիստոնեական ժամանակներից, և պատահական չէ, որ հայ եկեղեցին իր գոյության ողջ ընթացքում պայքարել է հմայիլների և հմայագրության կիրառման դեմ։

Հմայագրերը Մաշտոցի երկերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մատենագրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի գրական երկերից պահպանվել և մեզ է հասել «Խրատագիր և զգացուցիչ» շրջաբերական թերթերից մի փոքրիկ հոդված, որն ուղղված է հեթանոսական հավատալիքների և, մանավանդ, հմայության ձևերի դեմ․ «Երազք եւ հմայք եւ յուռութք եւ դիւթիւնք եւ թովչութիւնք եւ հարցուկք եւ ձեռնածուք եւ դեղահատք եւ խտիրք եւ որ ինչ նման են սոցին»։ Մաշտոցը հայտնում է, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են կամ իրենք են կատարում այդպիսի հմայություններ, «նզովեալ են ի սուրբ եկեղեցւոց և արտաքս ընկեցեալ յաստուածային հրամանց»[2]

Հմայագրերը Այգեկցու երկերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեկցու վկայությամբ՝ իր ժամանակակիցները անվերապահորեն հավատուն են հմայությունների և կախարդություններին և զգալի չափով հեռացել էին եկեղեցուց և քրիստոնեությունից։ Նզովքը, արտաքսումը եկեղեցուց, յոթնամյա ապաշխարությունը և սահմանված այլ պատիժներն անգամ ի զորու չեղան արմատախիլ անելու հազարամյահնությունից եկող հեթանոսական հավատալիքներն ու պատկերացումները ժողովրդի գիտակցությունից։ Հմայությունների և կախարդությունների գոյության և կիրառման վերաբերյալ վկայություններ կան նաև այլ ձեռագրերում։ Կախարդության և գուշակության դեմ «Կանոնագիրք Հայոց»֊ի մեջ մուծվել են նաև մի շարք կանոններ, որոնցից երկուսը սերտորեն առնչվում են քննարկվող նյութին։ «Հարցմունք պէս֊պէս եւ պատասխանիք Աթանասի Աղեքսանդրացւոյ եկիսկոպոսի» ծորագրով կանոնախմբի մեջ, օրինակ, կա այսպիսի հարց և պատասխան․ «Հրց․ Վասն պահպանաց երդմունս իմն եւ պահպանութիւն գրեն եւ անուանս, զոր մեք ոչ գիտեմք․ պա՞րտ է համարձակ թողուլ զնոսա առնել զայն եւ կարճել։ Պատ․ Նզովել պարտ է եւ յեկեղեցվոյ եւս հանել[3]» Հայ գրականության սկզբնավորման ժամանակաշրջանում թե՛ Ասորիքում, թե՛ Հռոմեական կայսրության մեջ ամենուրեք տարածված էին առանձին տետրակներով և նրանց միացուով ստեղծված գրքերը։ Փաթեթավոր գրքերն, ընդհանրապես, հմայիլները, մասնավորապես, իրենց արտաքին ձևով գրքի ավելի հին տիպի ներկայացուցիչներ են։ Հենց այս ժապավանաձև, ապա նաև սովորական տեսք ստացած հմայիլներն են, որ պահպանել են հեթանոսական հավատքի խոր կնիքը կրող մեծաքանակ հմայական բանաձևեր, պահպանիչ գրեր ու աղոթքներ։ Ահա այդ կարգի հմայական մի քանի բանաձևեր, որոնք պահպանվում են Մատենադարանում՝

  1. Գիր Ջերման - մահխահի, շարահի ահի, սպանութեան ահի, անդոնի ահի, ալիխթի ահի, վասն ձեր արևուտ՝ թողէք զծառայս աստուծոյ[4]
  2. Գիր կապի - բազրուկ, տապտուկ, սաղուկ, սիրառ, փիրակ, կանաբուկ, անտիրաթիր, իղամիրամ, լորինակաւոր[5]։ Հմայլիների օրնակները բազմաթիվ են և լրացնում են մեկը մյուսին։

Հմայիլ կոչվող ժապավանաձև ու գրաքանման ձեռագրերը հիմնականում պահպանվել են նորագույն ժամանակների (15-18-րդ դարեր) ընդօրինակություններով։ Հմայիլներից շատերի մեջ կան տարօրինակ նշանագրեր, որոնք արված են դարձյալ հմայական և բուժական նպատակներով՝ չար աչքից զերծ մնալու, չար ոգի թպղիին հալածելու, կատաղած շնից անվնաս մնալու, դիվահարներին բուժելու, սիրածի սերը նվաճելու և բազմաթիվ այլ ակնկալություններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մովիսյան Ա․, Հայկական մեհենագրություն, Երևան, 2003, էջ 129։
  2. Խաչիկյան Լ․, Նախամաշտոցյան գրի հարցը և հմայագրերը, Պատմա֊բանասիրական հանդես, 1963,N 4, էջ 147։
  3. Մատենադարան, ձեռ․ N6409, էջ 60 բ։
  4. Մատենադարան, ձեռ․ N4600, էջ 71բ։
  5. Մատենադարան, ձեռ․ N4660, էջ 70բ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն ժապավենաձև հմայիլներ