Հեքշեր-Օլինի տեսություն
Հեքշեր-Օլինի տեսություն (անգլ.՝ Heckscher–Ohlin theorem), շվեդ տնտեսագետներ Էլի Հեքշերի և Բերտիլ Օլինի առաջ քաշած պնդումը, համաձայն որի երկրները պետք է արտահանեն այն ապրանքները, որոնց արտադրությունը պահանջում է, համեմատաբար, ավելցուկային գործոնների ավելի շատ ծախսեր և ներմուծեն այն ապրանքները, որոնց արտադրության մեջ ստիպված են օգտագործել, համեմատաբար, դեֆիցիտային գործոններ[1]։ Պնդումը համարվում է Հեքշեր-Օլին-Սամուելսոնի տեսության բաղկացուցիչ մասը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսոր Էլի Հեքշերի 1919 թվականին հրատարակված «Արտաքին առևտրի ազդեցությունը եկամտի բաշխման վրա» աշխատությունը[2] և նրա նախկին ուսանող Բերտել Օլինի «Միջտարածաշրջանային և միջազգային առևտուր» աշխատությունները, որը հրատարակվել էր 1933 թվականին և համարվում էր Օլինի դոկտորական աշխատանքի թարգմանությունը, ձևավորել են Հեքշեր-Օլինի տեսության և, մասնավորապես, Հեքշեր-Օլինի մոդելի հիմնադրույթները[3]։ Հեքշեր-Օլինի տեսությունը փոխարինեց միջազգային առևտրի դասական տեսությանը, որն առաջ էին քաշել Ռոբերտ Տորենսը (1815 թվականին) և Դավիթ Ռիկարդոն (1817 թվականին)։ Դավիթ Ռիկարդոն փորձեց պատասխանել այն հարցին, թե ինչու կարող են արտահանվել ապրանքներ, որոնց բացարձակ գինը ավելի թանկ է, քան մյուս երկրներում։ Նա ցույց տվեց, որ միջազգային առևտրի բացակայության դեպքում երկրների միջև միշտ գոյություն ունեն տարբեր ապրանքների արտադրության ծախքերի տարբերություն, ընդորում յուրաքանչյուր երկիր կունենա համեմատական առավելություն։ Ըստ համեմատական առավելության տեսության արտադրության համախառն ծավալը կլինի առավելագույնը այն ժամանակ, երբ յուրաքանչյուր ապրանք արտադրվի այն երկրի կողմից, որտեղ ցածր են այլընտրանքային ծախքերը[2]։
Տեսության էություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդ տնտեսագետներ Հեքշերը և Օլինը զարգացրեցին Դավիթ Ռիկարդոյի համեմատական առավելությունների տեսությունը։ Նրանք երկրների միջև համեմատական ծախքերի տարբերությունը բացատրում էին նրանով, որ՝
- Տարբեր ապրանքների արտադրության մեջ ռեսուրսներն օգտագործվում են տարբեր հարաբերությամբ,
- Արտադրական գործոններով երկրների ապահովվածությունը միատեսակ չէ։
Հեքշեր-Օլինի տեսության հիմնական էությունն այն է, որ երկրները պետք է արտահանեն այն ապրանքները, որոնց արտադրությունը պահանջում է, համեմատաբար, ավելցուկային գործոնների ավելի շատ ծախսեր և ներմուծեն այն ապրանքները, որոնց արտադրության մեջ ստիպված են օգտագործել, համեմատաբար, դեֆիցիտային գործոններ։ Հեքշերը և Օլինը պնդում էին, որ երկրները պետք է արտահանեն ավելցուկային գործոնները և ներմուծեն դեֆիցիտային գործոնները։ Արտադրական գործոնները համարվում են ավելցուկային, եթե տվյալ գործոնի և այլ գործոնների քանակների հարաբերակցությունը ավելի բարձր է, քան մնացած աշխարհում և, հակառակը, եթե նշված հարաբերությունն ավելի փոքր է, քան մնացած աշխարհում, ապա գործոնը համարվում է դեֆիցիտային։ Հետևաբար, եթե որևէ երկրում կա աշխատուժի հարաբերական ավելցուկ, ապա այդ երկիրը պետք է մասնագիտանա աշխատատար արտադրության մեջ, իսկ եթե կա ավելցուկային կապիտալ՝ կապիտալատար արտադրության մեջ[4]։
Տեսության քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքշեր-Օլինի տեսությունը քննադատության է ենթարկվել տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակի դափնեկիր, ամերիկացի տնտեսագետ Վասիլի Լեոնտևի կողմից։ Լեոնտևը ցույց տվեց, որ 1947 թվականին ԱՄՆ արտահանման մեջ գերակշռել են ոչ թե կապիտալատար, այլ աշխատատար ապրանքատեսակները, չնայած որ Միացյալ Նահանգները համարվում էր կապիտալի ավելցուկ ունեցող երկիր[5]։ Այս մեկնաբանությունը ստացել է «Լեոնտևի պարադոքս» անվանումը։ Պարադոքսը առաջադրեց նոր խնդիրներ, ինչպես, օրինակ, ավելի ճիշտ գնահատել երկրի ռեսուրսային պոտենցիալը։ Իրականում ԱՄՆ-ն մի շարք կոնկրետ աշխատանքային ռեսուրսների գծով ուներ ավելի մեծ հարաբերական ավելցուկ, քան կապիտալի գծով։ Այն ժամանակ այդպես էին անվանվում գիտության որոշակի բնագավառի աշխատողները։ Խնդիր դրվեց վերլուծել արտադրության գործոնների կոնկրետ կազմը և տեսնել, թե որ կոնկրետ կազմում գոյություն ունի հարաբերական ավելցուկ։
Պետք է նկատել, որ Հեքշեր-Օլինի տեսությունը չէր պատասխանում այն հարցին, թե ի՞նչու է առևտուրը զարգանում միևնույն ռեսուրսներով միաչափ ապահովված երկրների միջև։ Օրինակ, Արևմտյան Եվրոպայի երկրների միջև 20-րդ դարի երկրորդ կեսից հետո առևտուրն ավելի մեծացավ, քան նրանց և այլ երկրների միջև այն դեպքում, երբ նրանք ունեն ռեսուրսների միատեսակ և գրեթե միաչափ ապահովվածություն[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сальваторе Д. Международная экономика. —М.: ИВЭСУ, 1998. — С. 96-122. — ISBN 0-13-180381-6. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2016.
- ↑ 2,0 2,1 Хекшер Э.Ф. Влияние внешней торговли на распределение дохода / А.П. Киреев. — Вехи экономической мысли. Т.6. Международная экономика. — М.: ТЕИС, 2006. — С. 154-173. — ISBN 5-7598-0439-1
- ↑ Лимонов Л.Э. Региональная экономика и пространственное развитие. — М.: Издательство Юрайт, 2015. — Т. 1. — С. 221-232. — ISBN 978-5-9916-4444-0
- ↑ Б.Улин Межрегиональная и международная торговля. — М.:Дело, 2004. — С. 91. — ISBN 5-7749-0368-0
- ↑ Леонтьев В.В. Внутреннее производство и внешняя торговля: новое исследование позиций американского капитала / А.П. Киреев. — Вехи экономической мысли. Т.6. Международная экономика. — М.: ТЕИС, 2006. — С. 220-230. — ISBN 5-7598-0439-1
- ↑ Линдерт П. Экономика мирохозяйственных связей. — М.: Прогресс, 1992. — С. 34, 77-78.
|