Հեքշեր-Օլինի տեսություն

From Վիքիպեդիա
Jump to navigation Jump to search
Հեքշեր-Օլինի-Սամուելսոնի մոդել. Հեքշեր-Օլինի տեսություն, Ստոլպեր-Սամուելսոնի տեսություն, Լերներ-Սամուելսոնի տեսություն: Նկարում է պատկերված է հավասարությունը ըստ Հեքշեր-Օլինի տեսության:

Հեքշեր-Օլինի տեսություն (անգլ.՝ Heckscher–Ohlin theorem), շվեդ տնտեսագետներ Էլի Հեքշերի և Բերտիլ Օլինի առաջ քաշած պնդումը, համաձայն որի երկրները պետք է արտահանեն այն ապրանքները, որոնց արտադրությունը պահանջում է, համեմատաբար, ավելցուկային գործոնների ավելի շատ ծախսեր և ներմուծեն այն ապրանքները, որոնց արտադրության մեջ ստիպված են օգտագործել, համեմատաբար, դեֆիցիտային գործոններ[1]: Պնդումը համարվում է Հեքշեր-Օլին-Սամուելսոնի տեսության բաղկացուցիչ մասը:

Ստեղծման պատմություն[edit | edit source]

Պրոֆեսոր Էլի Հեքշերի 1919 թվականին հրատարակված «Արտաքին առևտրի ազդեցությունը եկամտի բաշխման վրա» աշխատությունը[2] և նրա նախկին ուսանող Բերտել Օլինի «Միջտարածաշրջանային և միջազգային առևտուր» աշխատությունները, որը հրատարակվել էր 1933 թվականին և համարվում էր Օլինի դոկտորական աշխատանքի թարգմանությունը, ձևավորել են Հեքշեր-Օլինի տեսության և, մասնավորապես, Հեքշեր-Օլինի մոդելի հիմնադրույթները[3]: Հեքշեր-Օլինի տեսությունը փոխարինեց միջազգային առևտրի դասական տեսությանը, որն առաջ էին քաշել Ռոբերտ Տորենսը (1815 թվականին) և Դավիթ Ռիկարդոն (1817 թվականին): Դավիթ Ռիկարդոն փորձեց պատասխանել այն հարցին, թե ինչու կարող են արտահանվել ապրանքներ, որոնց բացարձակ գինը ավելի թանկ է, քան մյուս երկրներում: Նա ցույց տվեց, որ միջազգային առևտրի բացակայության դեպքում երկրների միջև միշտ գոյություն ունեն տարբեր ապրանքների արտադրության ծախքերի տարբերություն, ընդորում յուրաքանչյուր երկիր կունենա համեմատական առավելություն: Ըստ համեմատական առավելության տեսության արտադրության համախառն ծավալը կլինի առավելագույնը այն ժամանակ, երբ յուրաքանչյուր ապրանք արտադրվի այն երկրի կողմից, որտեղ ցածր են այլընտրանքային ծախքերը[2]:

Տեսության էություն[edit | edit source]

Շվեդ տնտեսագետներ Հեքշերը և Օլինը զարգացրեցին Դավիթ Ռիկարդոյի համեմատական առավելությունների տեսությունը: Նրանք երկրների միջև համեմատական ծախքերի տարբերությունը բացատրում էին նրանով, որ՝

  • Տարբեր ապրանքների արտադրության մեջ ռեսուրսներն օգտագործվում են տարբեր հարաբերությամբ,
  • Արտադրական գործոններով երկրների ապահովվածությունը միատեսակ չէ:

Հեքշեր-Օլինի տեսության հիմնական էությունն այն է, որ երկրները պետք է արտահանեն այն ապրանքները, որոնց արտադրությունը պահանջում է, համեմատաբար, ավելցուկային գործոնների ավելի շատ ծախսեր և ներմուծեն այն ապրանքները, որոնց արտադրության մեջ ստիպված են օգտագործել, համեմատաբար, դեֆիցիտային գործոններ: Հեքշերը և Օլինը պնդում էին, որ երկրները պետք է արտահանեն ավելցուկային գործոնները և ներմուծեն դեֆիցիտային գործոնները: Արտադրական գործոնները համարվում են ավելցուկային, եթե տվյալ գործոնի և այլ գործոնների քանակների հարաբերակցությունը ավելի բարձր է, քան մնացած աշխարհում և, հակառակը, եթե նշված հարաբերությունն ավելի փոքր է, քան մնացած աշխարհում, ապա գործոնը համարվում է դեֆիցիտային: Հետևաբար, եթե որևէ երկրում կա աշխատուժի հարաբերական ավելցուկ, ապա այդ երկիրը պետք է մասնագիտանա աշխատատար արտադրության մեջ, իսկ եթե կա ավելցուկային կապիտալ՝ կապիտալատար արտադրության մեջ[4]:

Տեսության քննադատություն[edit | edit source]

Հեքշեր-Օլինի տեսությունը քննադատության է ենթարկվել տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակի դափնեկիր, ամերիկացի տնտեսագետ Վասիլի Լեոնտևի կողմից: Լեոնտևը ցույց տվեց, որ 1947 թվականին ԱՄՆ արտահանման մեջ գերակշռել են ոչ թե կապիտալատար, այլ աշխատատար ապրանքատեսակները, չնայած որ Միացյալ Նահանգները համարվում էր կապիտալի ավելցուկ ունեցող երկիր[5]: Այս մեկնաբանությունը ստացել է «Լեոնտևի պարադոքս» անվանումը: Պարադոքսը առաջադրեց նոր խնդիրներ, ինչպես, օրինակ, ավելի ճիշտ գնահատել երկրի ռեսուրսային պոտենցիալը: Իրականում ԱՄՆ-ն մի շարք կոնկրետ աշխատանքային ռեսուրսների գծով ուներ ավելի մեծ հարաբերական ավելցուկ, քան կապիտալի գծով: Այն ժամանակ այդպես էին անվանվում գիտության որոշակի բնագավառի աշխատողները: Խնդիր դրվեց վերլուծել արտադրության գործոնների կոնկրետ կազմը և տեսնել, թե որ կոնկրետ կազմում գոյություն ունի հարաբերական ավելցուկ:

Պետք է նկատել, որ Հեքշեր-Օլինի տեսությունը չէր պատասխանում այն հարցին, թե ի՞նչու է առևտուրը զարգանում միևնույն ռեսուրսներով միաչափ ապահովված երկրների միջև: Օրինակ, Արևմտյան Եվրոպայի երկրների միջև 20-րդ դարի երկրորդ կեսից հետո առևտուրն ավելի մեծացավ, քան նրանց և այլ երկրների միջև այն դեպքում, երբ նրանք ունեն ռեսուրսների միատեսակ և գրեթե միաչափ ապահովվածություն[6]:

Ծանոթագրություններ[edit | edit source]

  1. Сальваторе Д. Международная экономика. —М.: ИВЭСУ, 1998. — С. 96-122. — ISBN 0-13-180381-6.
  2. 2,0 2,1 Хекшер Э.Ф. Влияние внешней торговли на распределение дохода / А.П. Киреев. — Вехи экономической мысли. Т.6. Международная экономика. — М.: ТЕИС, 2006. — С. 154-173. — ISBN 5-7598-0439-1
  3. Лимонов Л.Э. Региональная экономика и пространственное развитие. — М.: Издательство Юрайт, 2015. — Т. 1. — С. 221-232. — ISBN 978-5-9916-4444-0
  4. Б.Улин Межрегиональная и международная торговля. — М.:Дело, 2004. — С. 91. — ISBN 5-7749-0368-0
  5. Леонтьев В.В. Внутреннее производство и внешняя торговля: новое исследование позиций американского капитала / А.П. Киреев. — Вехи экономической мысли. Т.6. Международная экономика. — М.: ТЕИС, 2006. — С. 220-230. — ISBN 5-7598-0439-1
  6. Линдерт П. Экономика мирохозяйственных связей. — М.: Прогресс, 1992. — С. 34, 77-78.