Սերիալ (անգլ.՝ Serial, նաև` հեռուստասերիալ, հաջորդական ծրագիր), ֆիլմ կամ հեռուստաֆիլմ, կազմված որոշ, հիմնականում մեծ քանակի սերիաներից[1] և մի քանի սյուժետային գծերից[2] («հնարավոր անսահմանություն», ի տարբերություն բազմասերիանոց հեռուստաֆիլմերի, որոնցում առկա է «վերջնակետ»[3]), հեռուստատեսային արվեստի ցիկլի հատուկ ձև է[4]։ Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հեռուստասերիալ է համարում այն հեռուստաֆիլմերն ու հեռուստաֆիլմերի ցիկլները, որոնք կազմված են առնվազն վեց սերիաներից[5] (քիչ քանակով կազմված հեռուստաֆիլմերն համարվում են «սահմանափակ սերիաներ» (անգլ.՝ limited series)[5]): Սերիալների ամենահայտնի ձևաչափն է օճառային օպերան, որը ի հայտ է եկել 1930-ական թվականներին ամերիկյան ռադիոյում[6]։
Յուրաքանչյուր սերիալի նպատակն է երկար ժամանակահատվածով հեռուստադիտողներին ներգրավել էկրաններին և պահել նրանց հետաքրքրությունն արտադրանքի նկատմամբ։ Շատ անընդմեջ սերիալներում օգտագործվում է օճառային օպերաների դասական տարրը` ռեքափ` սերիայի սկզբում և քլիֆհենգեր` սերիայի վերջում։ Համարվում է, որ այս բանաձևը առավելագույն պահանջարկ ունի հեռուստադիտողի կողմից և թույլ է տալիս, առանց որևէ անհարմարության, ամեն շաբաթ հետևել սյուժեին[7][8]։
Շարունակական սերիալները, որպես կանոն, կտրուկ հակադրվում են ընթացակարգային դրամաներին, որոնք բաղկացած են ինքնավար և սյուժետային կապ չունեցող սերիաներից[9]։ Հաճախ դրանց անվանում են «շաբաթվա դեպք» (անգլ.՝ case-of-the-week)[9]: Վերջին տարիներին, ընթացակարգային դրամաները վարկանիշով գերազանցում են հաջորդական սերիալներին, քանի որ դրանց մեջ չկան երկարատև սյուժետային գծեր, և հեռուստադիտողը կարող է նման ծրագիրը դիտել յուրաքանչյուր սերիայից[10]։