Jump to content

Կենտրոնական ավագ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ ավետարանական կենտրոնական ավագ դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմիջնակարգ դպրոց
Հիմնադրված է1922
Երկիր Լիբանան
ՏեղագրությունԱշրաֆիա
Կայքaechs.com

Հայ ավետարանական կենտրոնական ավագ դպրոց, Լիբանանում հիմնված ամենահին, միաժամանակ հայտնի հայկական դպրոցներից մեկը։ Հիմնադրվել է 1922 թվականին փախստականների ճամբարում Ենովք Հադիդյանի նախաձեռնությամբ։ 10 տարի հետո այն տեղափոխվել է այժմյան տարածք՝ Բեյրութի արևելյան հատվածում գտնվող Աշրաֆիա շրջանում։ Դպրոցի տնօրենն է Մարալ Դեյիրմենջյանը։

Մեծ Եղեռնից փրկված հայերը, ովքեր ապաստան էին գտել Միջերկրական ծովի հարավային շրջաններում, փորձում էին ստեղծել հայկական միջավայր օտար տարածքներում։ Այդ սրբազան առաքելության առաջնեկներից էր Ենովք Հադիդյանը, ով հիմնադրեց տարրական դպրոց՝ նպատակ ունենալով ձևավորել փոքրիկ հայկական ընտանիք, որտեղ հնարավորություն կա ստանալու ավետարանական գիտելիքներ և կրթելու հայ նոր սերունդներին։ 1922 թվականի մայիսի 16-ին դպրոցի առաջին մասնաճյուղը սկսեց գործել Բեյրութի «Ադանայի ճամբար» կոչվող վայրում։

1922 թվականին ավետարանական երկրորդ դպրոցը ձևավորվեց «Իսգենդերոն ճամբարի» մոտակայքում։ 1924 թվականին, երկու դպրոցների միավորումով ձևավորվեց Հայ Ավետարանական դպրոց տղաների և աղջիկների համար։ Այն ստացավ իր պաշտոնական արտոնագիրը 1925 թվականին։ Հենրի Ռիգսի նվիրատվության շնորհիվ, որն իրականացվեց ի հիշատակ նրա կնոջ և դստեր, կառուցվեց նոր շենք, որը ծառայում էր որպես եկեղեցի և դպրոց Աշրաֆիայի տարածքում[1]։

1943-1950 թվականների ընթացքում դպրոցը հաջող քայլերով կրեց հետագա փոփոխությունները.

  • դարձավ ավագ դպրոց, որտեղ 3 տարվա նախակրթական ծրագրից հետո ուսումը տևում է 11 տարի,
  • զարգացրեց ու համալրեց սեփական գրադարանը,
  • ձևավորվեց լաբորատորիա 3 բաժիններով՝ ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության,
  • ձևավորվեց ավագ դպրոցի քառաձայն երգչախումբ,
  • սկսեց հրատարակել Արփի տարեգիրքը

Ավագ դպրոցի զարգացումը շարունակվեց, միջնակարգ դպրոցի առաջին դասարանը բացվեց 1944-1945 թվականների ուսումնական տարում։ Այդ օրվանից դպրոցը վերանվանվեց Հայ Ավետարանական Կենտրոնական Ավագ դպրոց։ 1965 թվականին դպրոցը սկսեց իրականացնել 3 մակարդակից բաղկացած կրթական ծրագիր՝ մինչև 6-րդ դասարան (վկայական), 9-րդ դաս. և 11-12-րդ դասարաններ։ 1969 թվականին կառուցվեցին մանկապարտեզի և նախադպրոցական դասարանների շենքերը։ Վերջինիս տարածքում ընդգրկվեց 1960 թվականի ապրիլի 1-ին դպրոցական ճամփորդության ժամանակ տեղի ունեցած պատահարի զոհերի հիշատակի հուշահամալիր (պատահարին զոհ գնացին 3 ուսուցիչ և 18 ուսանող)[1]։

1976-1977 թվականների ակադեմիական տարում ավելացվեց ուսումնառության 12-րդ տարին։

1982 թվականին դպրոցը նշեց իր հիմնադրման 60-րդ տարելիցը հիշատակի արարողությամբ, 1987-ին՝ 65-ամյակը՝ արվեստի գործերի ներկայացման համերգով։ Տարելիցի ֆոտո ալբոմի հրապարակմամբ նշվեց 70-ամյակը։ 2002 թվականին եկեղեցին և համայնքի գործիչները, կառավարության անդամներ, ակադեմիական միջավայրի ներկայացուցիչներ և այլք միացան դպրոցի անձնակազմին և շրջանավարտներին 80-րդ տարելիցի հանրային միջոցառումների շրջանակներում։

Դպրոցն իր հիմնական առաքելությունն է համարում՝

  • ձևավորել հայկական, քրիստոնեական, սոցիալ-բարոյական արժեքներ, որոնք կօգնեն ուսանողներին աճել ինտելեկտուալ առումով և դառնալ հասարակության լիիրավ անդամներ,
  • ուսանողների մոտ զարգացնել քննադատական մտածողություն,
  • ակադեմիական միաջավայրից զատ կազմակերպել դպրոցական իվենթներ, սպորտային միջոցառումներ, արվեստների խմբակներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «HISTORY OF ARMENIAN EVANGELICAL CENTRAL HIGH SCHOOL». www.aechs.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Armenian Evangelical Central High School (Fees & Reviews) Beirut, Lebanon, Ashrafieh». edarabia.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]