Մարմնի երկարությունը 39-40 սմ է, թևերի բացվածքը՝ 73-90 սմ, կենդանի զանգվածը՝ 390-420 գ։ Փետրածածկը սև է, թևերը՝ լայն, կլորավուն, պոչի ծայրը՝ ուղղանկյունաձև կտրվածքով, ոտքերը՝ կարմիր, կտուցը՝ կարմիր՝ թեթևակի ներքև կեռված։ Նստած վիճակում թևերի ծայրերը հասնում են պոչի ծայրին։ Հասունի փետրածածկը կապտականաչ փայլով է, կտուցը և ոտքերը՝ կարմիր։
Երիտասարդն ավելի խամրած դարչնագույն սև է, կտուցը՝ ավելի կարճ, որի գույնը փոխվում է վարդագույնից նարնջագույն, նարնջագույնից խամրած կարմիր, ոտքերը՝ նարնջագույնից կարմիր։ Աղմկարար է, կերակրվում է երամներով՝ լեռների ծերպերին, մարգագետիններում, նոսր պտղատու այգիներում։ Թռիչքը չափազանց ճարպիկ է, նախքան հաջորդ կերակրավայր տեղափոխվելը հաճախ սավառնում է մեծ բարձրություններում։ Բնակվում է բարձրադիր ժայռոտ լեռներում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում։ Սնվում է անողնաշարավորներով, հատիկներով, պտուղներով։ Հարսանեկան զույգերը կազմվում են մշտական։ Խոսրովի անտառ արգելոցում բնադրատեղի ընտրման «վեճերը» տեղի են ունենում մարտի ընթացքում և շարունակվում մինչև ապրիլի 1-ին կեսը։
Բնադրման փաստ է գրանցված կարճ թունելների խորշերում։ Թարմ ձվերով բներն ի հայտ են գալիս ապրիլի 2-րդ կեսից մայիսին։ Բույնը գավաթաձև է, ծավալուն, հիմքը՝ ցողուններից։ Բնադրում է ժայռաճեղքերում կամ խորշերում։ Դնում է 39 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ բաց դարչնագույն-դեղին վրձնախազերով 3-5 ձու։ Թխսակալում է էգը' 17-18 օր։ Ձագերը հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակից, լիարժեք թռիչքի են դիմում 38-րդ օրը։ Ձագերին կերակրում է էգը, հազվադեպ՝ արուն։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների հետ թռիչքային խաղերը, որոնք տեղի են ունենում օդում՝ հողմավար բազեի հետ զուգաթռիչքի ընթացքում, և ժամանցի տպավորություն են թողնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։