Ծնկաձև լիսեռ, առանցքակալների վրա հենվող մեկ կամ մի քանի ծնկներից և մի քանի համառանցք հիմնական վզիկներից բաղկացած լիսեռ։ Յուրաքանչյուր ծունկ ունի երկու այտ և մեկ վզիկ՝ շարժաթևի միացման համար։ Շարժաթևի վզիկների առանցքները ծնկաձև լիսեռի առանցքի նկատմամբ շեղված են։ Ծնկաձև լիսեռը շուռտվիկային մեխանիզմի պտտվող օղակն է։ Կիրառվում է մխոցային շարժիչներում, պոմպերում, կոմպրեսորներում, դարբնոցամամլիչային մեքենաներում։ Ծնկաձև լիսեռները պատրաստում են ածխածնային և լեգիրացված պողպատներից կամ բարձրամուր թուջից։ Պարզագույն ծնկաձև լիսեռ կարելի է համարել շուռտվիկը։