Ծխական ուսումնարանի շենք (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծխական ուսումնարանի շենք
Տեսակտեսարժան վայր, դպրոց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ճարտարապետական ոճաղյուսային ոճ
Հիմնադրված է1885
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ծխական ուսումնարանի շենք (ռուս.՝ Здание приходского училища), տեսարժանություն և մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է Պուշկինի, 26 հասցեում։ Տունը կառուցվել է XIX դարի վերջին և պահպանվել մինչև մեր ժամանակները։ Պահպանվող օբյեկտի կարգավիճակ շենքին շնորհվել է ժողովրդական պատգամավորների Ռոստովի շրջանային խորհրդի 17.12.1992 թվականի թիվ 325 որոշմամբ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականին Նովոչերկասկ քաղաքում կառուցվել է մի առանձնատուն, որը հետագայում հայտնի դարձավ որպես ծխական ուսումնարանի շենք։ Սկզբում տունը եղել է կազակի այրի Աննա Նիկիֆորովնա Բորիսովայի սեփականությունը։ Հետագայում այն անցել է կազակուհի Աննա Միխայլովնա Պոխլեբինային։ Շենքն օգտագործվում էր ուսումնական հաստատությունների կարիքների համար` հանձնվելով վարձակալության։ Առաջին հաստատությունը, որը վարձակալեց այս տունը, դարձավ ծխական ուսումնարանը, որը քաղաքի առաջին տարրական ուսումնարանն էր։ Քաղաքում այլ կրթական հաստատությունների հայտնվելուն պես ծխական ուսումնարանը սկսեց փոխել իր անվանումները։ Սկզբում այն կոչվում էր Վերին Նովոչերկասկի, հետո դարձավ ծխական առաջին ուսումնարան։ Այս հաստատությունում սովորում էին Նիկոլաևյան եկեղեցու ծխի երեխաները։ Ուսումնարանն ընդունում էր տարեկան մինչև 150 աշակերտ, որոնք գիտելիքներն ստանում էին անվճար։ Ամեն տարի դպրոցի կարիքների համար պահանջվում էր 2450 ռուբլի, որոնք հատկացվում էին պատվավոր հոգաբարձուի, Դոնի զորքի և Նովոչերկասկայա ստանիցայի միջոցներից[3]։

XX դարի սկզբին այդ շենքում բացվեց օրիորդաց երկրորդ պրոգիմնազիան, իսկ ուսումնարանը տեղափոխվեց այլ շենք։ 1912 թվականին շենքը հարմարեցվեց Երկրորդ օրիորդաց բարձրագույն ուսումնարանի կարիքներին։ Այնտեղ կարող էին հայտնվել տարրական դպրոցում սովորած աղջիկները` թվաբանություն, բանահյուսություն, ռուսաց լեզու, ասեղնագործություն, գծագրություն, նկարչություն և այլ առարկաներ սովորելու համար[3]։

Այնուհետև շենքում հաստատվեց առաջին աստիճանի խորհրդային երրորդ աշխատանքային դպրոցը (տարրական)։ 1930-ական թվականներին այս դպրոցը դարձավ ֆաբրիկա-գործարանային յոթնամյա թիվ 15 դպրոց։ 1933 թվականին շենքում սկսեց գործել թերի միջնակարգ դպրոցը, որտեղ նույնպես սովորում էին 7 տարի։ Սկսած 1944 թվականից, երեկոյան ժամերին, այդ շենքում ընթացել են աշխատանքային երիտասարդության թիվ 1 դպրոցի պարապմունքները, իսկ 1949 թվականից այս շենքն օգտագործվել է միայն այդ դպրոցի կարիքների համար[3]։

Մինչև 2011 թվականը ծխական ուսումնարանի շենքում գործել է երեկոյան հանրակրթական № 1 դպրոցը, այնուհետև այն տեղափոխվել է այլ շենք, և 4 տարի տարածքը չի օգտագործվել։ 2015 թվականին այստեղ տեղավորվեց «Հարմոնիա» հոգեբանամանկավարժական, բժշկական և սոցիալական օգնության կենտրոնը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը ստեղծվել է աղյուսային ոճով։ Առաջին հարկը և մասամբ երկրորդ հարկը կոպտատաշ քարից են։ Միջհարկային գոտին բաժանում է առաջին և երկրորդ հարկերը։ Երկրորդ հարկում պատուհաններն ավարտվում են կիսաշրջանաձև բարավորներով, առաջին հարկում` աղեղաձև կամարային բարավորներով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. «Объект культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «На службе у образования». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.