Jump to content

Լքյալ գույքերի կանոնադրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լքյալ գույքերի կանոնադրություններ, Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18 թթ.) ժամանակ Արևմտյան Հայաստանից և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերից տեղահանված հայերի լքյալ գույքի տնօրինման վերաբերյալ փաստաթղթեր։ Պատերազմի հենց սկզբից՝ հայերի տեղահանության և կոտորածների ընթացքում, թուրքական պետական մարմինները հավաստիացրել են, թե հայերի ունեցվածքն ու գույքը պահպանվելու են պետության կողմից և պատերազմի ավարտից հետո վերադարձվելու են տերերին։ Սակայն իրականում տեղահանությանը և կոտորածներին զուգակցել են հայերի գույքի և ունեցվածքի թալանը, մշակութային արժեքների ոչնչացումը։ Դրանց օրինական տեսք տալու և դրանով իսկ հանցագործությունները քողարկելու նպատակով թուրքական կառավարությունը 1915 թ. հրապարակել է երեք կանոնադրություն։ Առաջին կանոնադրությունը հրապարակվել է մայիսի 27-ին (34 հոդված), երկրորդը՝ սեպտեմբերի 13-ին (11 հոդված), երրորդը՝ հոկտեմբերի 28-ին (25 հոդված)։ Ըստ այդ կանոնադրությունների՝ պետական պաշտոնյաները իբր պետք է գրանցեին և արձանագրեին տեղահանվող հայերի գույքն ու ունեցվածքը և արժեքները գնահատելուց հետո դրանք իբրև ավանդ պահ պիտի տրվեին պետական գանձարանին, իսկ հետագայում՝ վերադարձվեին տերերին, պետք է ճշտվեին սեփականատերերի իրավունքները, պետական հանձնախմբերի կազմության ձևն ու գործելակերպը և այլն։ Կանոնադրություններն ունեին ձևական բնույթ և մնացին թղթի վրա, որովհետև հայերի գույքն ու դրամը բաժանվել են թուրքերին, իսկ պատերազմից հետո հայ չէր մնացել, որպեսզի նրան վերադարձվեր ունեցվածքը։ Երիտթուրքական կառավարության այդ քաղաքականության հետևանքով թուրք և քուրդ ջարդարարները թալանել են 66 քաղաքների և 2500 գյուղերի հայ ու այլ քրիստոնյա ազգաբնակչությանը, կոդոպտել ու քանդել ավելի քան 2000 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց և վարժարան։ Միայն հայերին հասցված նյութական վնասը 1919-ի կուրսով կազմել է մոտ 15 միլիարդ ֆրանկ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լևոն Վարդան, Հայկական տասնհինգը և հայերու լքյալ գույքերը, Բեյրութ, 1970։
  • Վավերագրական նյութեր արևմտահայերի մասին, աոաջաբանը և թրգմ. Հ. Փափազյանի, ՀՍՍՀ ԳԱ Գիտաինֆորմացիոն բյուլետեն, մատենաշար 3, N 2 (56), Ե., 1983։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։