Լեռնամետալուրգիայի ինստիտուտ
Լեռնամետալուրգիայի ինստիտուտ | |
---|---|
Հիմնադրված | 1952 |
տնօտեն | Սահակ Արզումանյան |
Կայք | mmi.am |
Լեռնամետալուրգիայի ինստիտուտ, փակ բաժնետիրական ընկերությունը լեռնամետալուրգիայի ոլորտի տարածաշրջանային նշանակության համալիր գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ է Երևանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտը հիմնադրվել է 1952 թվականին, ԽՍՀՄ Գունավոր մետալուրգիայի նախարարության կողմից։ Եղել է Մոսկվայի «Գիպրոցվետմետ» նախագծային ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։ Շինարարության և նախագծային-հետազոտական աշխատանքների ծավալների ավելացմամբ պայմանավորված՝ երևանյան մասնաճյուղի հիման վրա 1957 թվականին կազմակերպվել է ինքնուրույն հաշվեկշռով առաջին կարգի նախագծային ինստիտուտ, որին վերապահվում են Հայաստանում կառուցվող՝ գունավոր մետալուրգիայի բնագավառի ձեռնարկությունների գլխավոր նախագծողի գործառույթները։
1957 թվականին Հայաստանում ստեղծվել է գիտահետազոտական լեռնամետալուրգիական ինստիտուտ (ԳՀԼՄԻ), որը գլխադասային ինստիտուտի իրավասություն ուներ՝ գիտական հիմնախնդիրների մշակման և մետալուրգիական և լեռնահանքային արդյունաբերական գործընթացների կատարելագործման նպատակով Հայաստանի գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների համար գիտահետազոտական և փորձնական-շինարարական աշխատանքներ իրականացնելու։ Հետագայում ԳՀԼՄԻ-ն և Արմգիպրոցվետմետը միավորվել են։
1963 թվականին ինստիտուտն անցել է ԽՍՀՄ Պետմետալուրգկոմիտեի ենթակայության տակ։
1967 թվականին ինստիտուտի հիմնական երեք բաժիններն էին՝ լեռնային, հարստացման և մետալուրգիայի, որոնց ենթակայության տակ կային 8 մասնագիտացված հետազոտական լաբորատորիաներ։
Հիմնական բաժինների իրականացրած հետազոտությունների համընդգրկունությունն ու արդյունավետությունն ապահովելու համար ստեղծվել են երկրաբանության, տեխնիկատնտեսական և գիտատեխնիկական հետազոտությունների և արտոնագրային ծառայության բաժինները, կեղտաջրերի մաքրման և գազամաքրման ու փոշեզտման լաբորատորիաները։
Ինստիտուտի վերլուծական մասը ներկայացված էր կենտրոնական վերլուծական, հարգորոշման, սպեկտրալ վերլուծության, ռենտգենա-կառուցվածքային վերլուծության և միներոլոգիայի ու պետրոգրաֆիայի լաբորատորիաներով[1]։
Իր պատմության ողջ ընթացքում ինստիտուտի գործունեությունն անշեղորեն ընդլայնվել է, զուգահեռաբար աճել են կատարված աշխատանքների ծավալները։ Որոշակի անկում է արձանագրվել միայն 90-ականներին՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ճգնաժամով պայմանավորված։
1994 թվականին ինստիտուտը գրանցվել է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից՝ որպես «Հայաստանի Գունավոր Մետալուրգիայի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» («Հայգիտգունմետգիտնախագիծ») Պետական ձեռնարկություն, որը 02.02.1998 թվականին վերակազմավորվել է «Հայգիտգունմետգիտնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության, իսկ 08.12.1999 թվականին անվանափոխվել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության։
Լաբորատորիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրաբանության լաբորատորիա
- Հանքահարստացման և ազնիվ մետաղների լաբորատորիա
- Լեռնային բաժին
- Մետալուրգիայի լաբորատորիա
- Շրջակա միջավայրի պահպանության բաժին
- Կենտրոնական անալիտիկ և հարգորոշման լաբորատորիա