Թվերգ, ճարտասանական եղանակավոր խոսքից մինչև ասերգի սահմաններն ընդգրկող երգեցողության ձև (ոգումն, առասացություն, ասերգություն, թվերգություն և այլն)։ Աշխարհիկ երգարվեստում Թվերգի կիրառման հիմնական ոլորտը վիպականն է (բառ ասել, վեպ ասել), որտեղ առկա է նաև Թվերգի և թվելյաց երգերի միջև եղած կապը։ Հոգևոր երգարվեստի ոլորտում Թվերգի նշանակությունը առավել կոնկրետացված է և առնչվում է սաղմոսերգությանը։ Նեղ առումով թվերգությունը սաղմոսերգության երկու (Կոմիտաս) տեսակներից մեկն է։ Եկեղեցում թվերգությամբ են հնչում քարոզը, Ավետարանից և Հին կտակարանի մարգարեների գրքերից քաղված հատվածները։ Ի տարբերություն սաղմոսասացության (սաղմոսերգության մյուս տեսակն է), Թվերգը ունի երաժշտական և տաղաչափական կանոնավոր նկարագիր։ Թվերգի ձայնալևէջային, կշռութային, կառուցվածքային բնութագրերը պայմանավորված են լեզվի (գրաբարի) առոգանական, մասնավորապես՝ շեշտական և կառուցվածքային հատկանիշներով։ Թվերգին բնորոշ է որոշակի ձայնամիջոցով սահմանափակված ձայնակարգային հիմք և մեղեդիական տիպական դարձվածքների առկայություն, որոնցով նա սերտ կապի մեջ է վիպական արվեստի հետ։ Թերևս նաև դա է նկատի ունեցել Կոմիտասը, երբ գրել է, թե հնում սաղմոսերգությունը, հավանաբար, կատարվել է ժողովրդական եղանակներով։ Թվերգը երգվում է լեզվի առոգանության և տրոհության նշանների համաձայն, որոնք, երաժշտական նշանակությամբ հանդերձ, հայտնի են նաև որպես «Առոգանական խազերի համակարգ»։ Ըստ իրենց կիրառական նշանակության, Կոմիտասն այդ նշանները բաժանել է երեք խմբի՝ տևողության, առոգանության, տրոհության։ Կիրառվելով 8-րդ դարից՝ առոգանական խազերի համակարգը զարգացման մի քանի շրջան է ունեցել և 12–13-րդ դարերին հասել իր բարձունքին։ Թվերգի՝ մեզ հասած հնագույն խազագրված օրինակները պատկանում են 9–10 դարերիմ՝ Միլքե թագուհու (851 թվական), Աշոտ սպարապետի (909 թվական), Էջմիածնի (989 թվական), Նարեկյան (1069 թվական) և այլ Ավետարաններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 225)։