Ծնվել է Նիգերիայի Էդո նահանգի Բենին քաղաքում։ Դեռ տարրական դպրոցում սովորող ութամյա մանուկ՝ կոմիքսներ է նկարել ու վաճառել հասակակից երեխաներին[4]։ Միջնակարգն ավարտելով՝ ուսանել է Բենին քաղաքի Անարատ հղության անվան քոլեջում, այնուհետև՝ Էդո նահանգի Աուչի քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտում[5]։
2005 թվականին տեխնոլոգիայի գիտական լաբորատորիայից ազգային դիպլոմ է ստացել[6]։ Ընդ որում՝ ուսանելու ընթացքում անդամակցել է Da TED երաժշտախմբին։ Ուսումնառությունն ավարտելով՝ որոշել է զբաղվել ստեղծագործական աշխատանքով[7]։ 2006 թվականին մեկնել է Լագոս՝ նպատակ ունենալով ուժերը փորձել, ինքնադրսևորվել կինոյի ասպարեզում[8]։ Այդ բնագավառում իր կարիերան սկսել է 2007 թվականին, համակարգչային գրաֆիկական դիզայնի և տեսանյութերի պատրաստման ու խմբագրման աշխատանքներում փորձ ու հմտություն ձեռք բերելուց հետո[9]։ 2008 թվականին հիմնել է Hills Pictures Movie Academy հաստատությունը, որը շնորհալի պատանիներին ու երիտասարդներին օգնում է զարգացնել ու դրսևորել իրենց ձիրքերը։
2011 թվականին Էրիկ Աղիմինը փորձնական կարգով ստեղծել է իր առաջին կարճամետրաժ կինոնկարը՝ Heckto-ն, որը հաջորդ տարում կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում մրցանակների է առաջադրվել «Հատուկ էֆեկտների լավագույն օգտագործում» և «Լավագույն դերասան» անվանակարգերում։ Նրան լայն ճանաչում ու համբավ է բերել հատկապես 2013 թվականին նկարահանած իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Տնից մեկ մղոն հեռու» (A Mile from Home) կինոնկարը, որը բազմաթիվ դրվատական արձագանքներ է ստացել և արժանացել հեղինակավոր կինոմրցանակների
[10][11][12]: