Jump to content

Զաքարիա Վաղարշապատցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքարիա Վաղարշապատցի
Զաքարիա Վաղարշապատցի
Եկեղեցի Հայ առաքելական եկեղեցի
Տիտղոս եպիսկոպոս
Ծնվել է անհայտ
Ծննդավայր Հայաստան
Մահացել է 1656
Մահվան վայր Էջմիածին
Ազգություն հայ


Զաքարիա Վաղարշապատցի (անհայտ-1659), վարդապետ, Հովհաննավանքի հոգևոր առաջնորդ, գրիչ, Մովսես Տաթևացու աշակերտը և քարտուղարը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական տեղեկությունները սուղ են։ Հայտնի է, որ հայրը Հովհաննես քահանան է։ Եղել է Երևանի Ս․ Անանիա առաքյալի անապատի գրչության դպրոցի գրիչներից, ինչպես նաև՝ Ս․ Էջմիածնի միաբան։ Իր կենսագրությանն անդրադարձել է աշակերտը՝ Զաքարիա Քանաքեռցին, ինչպես նաև պատմիչ Առաքել Դավրիժեցին։

Ըստ մատենագիտական աղբյուրների 1604 թվականին Զաքարիան մանուկ հասակում ծնողների հետ բռնի կերպով տեղահանվում է Սպահան, որտեղ էլ ջուղայեցիների մոտ ստանում է իր նախնական կրթությունը։ Նշանակալից է լինում նրա հանդիպում Դավիթ Դ Վաղարշապատցի կաթողիկոսի հետ, ով նկատելով նրա ուշիմությունը՝ առաջարկում է լինել անձնական գրագիրը։ Հետագայում Զաքարիան ձեռնադրվում է կուսակրոն քահանա։ Սպահանում նա հանդիպում է նաև Մովսես Տաթևացու հետ և դառնում է նրա աշակերտն ու քարտուղարը։ 1629 թվականին երբ Մովսես Տաթևացուն տրվում է հայրապետական գահ, Զաքարիա Վսղարշապատեցին ստանում է վարդապետական աստիճան։ Մովսես Տաթևացու մահից հետո Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսը շնորհում է Զաքարիային եպիսկոպոսական գավազան և հնարավորություն տալիս, որպես նվիրակ մեկնելու Հունաստան։ 1937 թվականին նա արդեն Հովհաննավանքի առաջնորդն էր, որտեղ կատարել է շինարարական ակտիվ գործունեություն․ նորոգել է եկեղեցին, սեղանատունը, տնեսատունը, պարիսպը, 1652 թվականին եկեղեցու վրա տեղադրել է խաչը, բարելավել է դպրոցը, ավելացրել է աշակերտների և միաբանների թիվը, դպրոցում դասավանդելու համար հրավիրել է անվանի րաբունիների։ Արդյունքում Հովհաննավանքի այս դպրոցի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Էջմիածինի Ժառանգավորաց դպրոցը, որն էլ իր հերթին հիմք դարձավ 1874 թվականին Գևորգյան ճեմարանի հիմնադրման համար[1]։

1646-1648 թվականներին Զաքարիա եպիսկոպոսը լինում է Սպահանում։ Վերադառնալով հայրենիք՝ շարունակել է Հովհաննավանքում իր շինարարարական գործունեությունը։ 1656 թվականին անվանի հոգևորականը մեկնել է Երուսաղեմ։ Մահացել է 1659 թվականին Էջմիածնում, ամփոփվել է իր իսկ կառուցած դամբարանում։ Ընդօրինակել է տասնյակ ձեռագրեր, որոնցից վաղագույնը գրվել է 1623 թվականին։

2019 թվականին վերանորոգչական աշխատանքների արդյունքում բացվել է նրա դամբարանը զանգակատան հարևանությամբ։ Տապանաքարին պահպանվել է եռատող վիմագիր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղաֆադարյան, Կարո (1948). Հովհաննավանքը և նրա արձանագրությունները. Երևան. էջ 55.
  2. Արսեն Հարությունյան, Ամիրան Բադիշյան (2020, Ա, 44-57). «Զաքարիա վարդապետ Վաղարշապատեցին և նրա նորահայտ դամբարանը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում». Էջմիածին.