Երջանիկ զույգի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երջանիկ զույգի պատմություն
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրCaizi jiaren?
Ձևվեպ
ԵրկիրՑին կայսրություն
Բնագիր լեզուչինարեն
Հրատարակվել է1683
 Haoqiu zhuan

Երջանիկ զույգի պատմություն (չինարեն՝ 好逑传,Հաո ցյու չժուան, Hǎoqiú zhuàn), 17-րդ դարի չինական սիրավեպ։ Սա առաջին չինական վեպն է, որ ճանաչում է գտել Եվրոպայում։

Վեպի ամենավաղ հրատարակությունը եղել է 1683 թվականին[1]։ Վեպի հեղինակը կրում էր Մինցզյաո Չժունժեն (名敎中人) կեղծանունը։ Սիրավեպը գրվել է Մին դինաստիայի ուշ և Ցին դինաստիայի վաղ շրջանում հայտնի «ցայցզի ցզյաժեն» (才子佳人) ժանրով՝ «սիրավեպ գիտնականի և գեղեցկուհու մասին»։

Բովանդակություն և ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներն են տաղանդավոր երիտասարդ, գիտնական Տե Չժունյուն (鐵中玉, «Նեֆրիտե միջուկով երկաթ») և իմաստուն գեղեցկուհի Շույ Բինսինը (水冰心, «Սառնասիրտ ջուր». սա ոչ թե սառը զգացմունքների խորհրդանիշն է, այլ՝ վճռականության և համարձակության)։ Վեպը բացահայտում է ֆոլկլորային ակնհայտ գծեր. գլխավոր հերոսը, չնայած իր գիտնական լինելուն, կռվարար դյուցազուն էր, ում հայրը վտարել էր մայրաքաղաքից։ Շույը՝ արկածային հեքիաթի խիզախ և հնարամիտ հերոսուհին, փոխել էր ամուսնական հորոսկոպը և իր փոխարեն քարերով լի գահավորակ էր ուղարկել, որպեսզի ազատվեր Գո-հունցզի (պարոնորդի Գո) ոտնձգություններից։

Վեպում ներկայացված է կաշառակեր չինովնիկների և պալատական բանսարկու ազնվականների պատկերը։ Բարի հանճարներ Տեին և Շյուին պաշտպանում են կայսրը, ով պատժում է չինովնիկներին և օրհնում երիտասարդ զույգի միությունը[2], և կայսրուհին, ով հերքում է նախանձողների տարածած բամբասանքն այն մասին, որ Շույը կույս չէ։

Վեպի պատմողական ոճը շատ պարզ է։ Օրինակ՝ տեքստի կապակցվածության ամրացման համար իրադարձությունները հաճախ պատմվում են երրորդ դեմքով, ինչը (ժամանակակից ընթերցողի համար) հանգեցնում է ավելորդ կրկնությունների։ Տեսարանի վերջում տեղի ունեցող իրադարձությունները պատմվում են կերպարների մենախոսության միջոցով՝ երբեմն խախտելով տրամաբանությունը։ Ի տարբերություն Մինի դարաշրջանի արձակագրության, որտեղ ուշադրությունը կենտրոնացվում էր տարփալից տեսարանների վրա՝ հերոսների սերն այստեղ մատուցված է կատարյալ սենտիմենտալությամբ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական գրականության մեջ «Երջանիկ զույգի պատմության» երթը սկսվել է 18-րդ դարից, երբ Կանտոնում երկար տարիներ ապրած անգլիացի Ջեյմս Վիլկինսոնը, սովորելով չինարեն, վեպի առաջին չորս մասերը թարգմանել է անգլերեն, իսկ վերջինը՝ պորտուգալերեն։ Այլ տվյալներով՝ վերջին մասը թարգմանել է ոչ թե հենց ինքը՝ Վիլկինսոնը, այլ նրա պորտուգալացի ուսուցիչը։ 1719 թվականին Վիլկինսոնը վերադարձել է Բրիտանիա, բայց այդպես էլ չի հրապարակել թարգմանությունը։ Նրա մահից հետո հայտնի գրող, ապագա եպիսկոպոս Թոմաս Պերսին վերջին մասը պորտուգալերենից թարգմանել է անգլերեն, խմբագրել է ամբողջ տեքստը և հրատարակել Լոնդոնում (1761 թ.), ինչը Եվրոպայում սենսացիա է առաջացրել։ Դա չինական վեպի առաջին թարգմանությունն էր եվրոպական որևէ լեզվով։ Հետագայում վեպն անգլերենից թարգմանվել է այլ լեզուներով (1766 թվականին՝ գերմաներեն և ֆրանսերեն)։ 1790 թվականին վեպն արժանացել է Գյոթեի և Շիլլերի ուշադրությանը։

1832 թվականին «Հյուսիսային ծաղիկներ» ալմանախում Ա. Ս. Պուշկինիը հրապարակել է վեպից մի հատված, որը հենց չինարենից էր թարգմանվել ռուսերեն (թարգմանիչն անհայտ է, հնարավոր է Իակինֆի (Բիչուրինի) շրջապատից է, ում «Բայկալ» ակնարկը տպագրվել է ալմանախի նույն հրատարակության մեջ)։ Սա չինական գեղարվեստական արձակի առաջին ռուսերեն թարգմանությունն էր։ Հայտնի է, որ Օ. Մ. Սոմովը վեպի ամբողջական թարգմանությունն ուներ (Պուշկինը նրանից էր վերցրել հատվածը) և պատրաստվում էր այն հրատարակել, սակայն այդ տեքստը կորած էր։ Դրա փոխարեն նույն տարում՝ 1832 թվականին, հրատարակվեց ֆրանսերենից թարգմանված տեքստը, որը ծագում էր Վիլկինսոնի անգլերեն թարգմանությունից։

Հետագայում հայտնվեցին եվրոպական այլ լեզուներով թարգմանություններ, որոնց հեղինակներից էին այնպիսի չինագետներ, ինչպիսիք են Ջոն Ֆրենսիս Դևիսը (1829 թ., the Fortunate Union, անգլերեն) և Ֆրանց Կունը (1927 թվականին, գերմաներեն)։

20-րդ դարում «Հաո ցյու չժուան»-ի հանրաճանաչությունն զգալիորեն ընկավ Չինաստանում ( փոխվել էր գրական ճաշակը), սակայն հետո, եվրոպական մշակույթի մեջ նրա հայտնիության ազդեցությամբ, կրկին վերականգնվեց։ 2007 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է հեռուստասերիալ` 君子好逑 (Jun Zi Hao Qiu)՝ բաղկացած 45 սերայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Б. Л. Рифтин. [Комментарий] // Северные цветы на 1832 год. М., «Наука», 1980 («Литературные памятники»), с. 344
  2. Б. Л. Рифтин. Повествовательная проза: [Китайская литература XVII в.] // История всемирной литературы: В 8 томах / АН СССР; Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1983—1994. Т. 4. — 1987. — С. 486—497.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • St. André, James (2002) ‘Modern Translation Theory and Past Translation Practice: European Translations of the Hao qiu zhuan', in Leo Chan Tak-hung (ed) One into Many: Translation and the Dissemination of Classical Chinese Literature, Amsterdam & New York: Rodopi, 39-65.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երջանիկ զույգի պատմություն» հոդվածին։