Երգ Հիմիրի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երգ Հիմիրի մասին
Տեսակչափածո շարադրանք
Ժանրառասպել
Մասն էսկանդինավյան Ավագ Էդդա էպոսի
Բնօրինակ լեզուհին իսլանդերեն
Հրատարակման տարեթիվ1260
 Hymiskviða Վիքիպահեստում

Երգ Հիմիրի մասին (իսլ.՝ Hymiskviða), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի երգերից մեկը։ Հիմիրը ծովային հսկա է սկանդինավյան դիցաբանության մեջ, որը խորհրդանշում է Սառուցյալ ծովը։ Երգի հիմքում ընկած են մի քանի առասպելներ, որոնք գեղարվեստականորեն շատ մեծ հմտությամբ միահյուսված են իրար և կազմում են մեկ ամբողջականություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին առասպելն այն մասին է, թե ինչպես աստվածները հավաքվել են հսկաներից մեկի՝ Էգիրի մոտ, որը հայտնի է ասերի համար ճոխ խնջույքներ կազմակերպելով և թե ինչպիսի արկածներով են հսկա Հիմիրի ապարանքից ձեռք բերում գարեջուր եփելու համար հսկայական ծավալի կաթսան։ Դրան մասնակցում են Օդինի քաջ որդի Թորը և նրա եղբայր ու ընկեր, միձեռանի աստված Տիրը։

Հաջորդ ներմուծված առասպելում Թորը, հանդես գալով որպես ձկնորս, պայքարում է Միդգարդյան վիշապ, երկրագունդը պարուրած հրեշ Յորմունդգանդր օձի հետ։ Առասպելը, որպես ամբողջական երգ, շատ հնարավոր է՝ սկանդինավյան դիցարան է մտել Արևելքից և իր մեջ պարունակում է հնդեվրոպական առասպելաբանական շերտեր։ Այն հիշեցնում է հնագույն արևելյան դիցաբանությանը հարազատ մոտիվի՝ բարեգութ աստծու և հրեշ-քաոսի մենամարտը, որից հաղթող է դուրս գալիս մարդկանց բարերարը։

Վերջում հսկայական կաթսայով հանդերձ երկու քաջ ասերը՝ Թորը և Տիրը, իրենց մարտական կառքով սլանում են դեպի աստվածների հավաքատեղի։ Կաթսան վերջապես հայտնվում է Էգիրի մոտ անցկացվող խնջույքին։ «Երգ Հիմիրի մասին» առասպելն իր մեջ քրիստոնեական ժամանակաշրջանի շերտեր չի պարունակում՝ ընթերցողի համար հնարավորություն ստեղծելով տեղափոխվելու հին ժամանակներ և ըմբոշխնել հեթանոսական արխայիկ սյուների վրա կառուցված այդ հիանալի գրական հուշակոթողի ողջ հմայքը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգ Հիմիրի մասին» հոդվածին։