Դետանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
դետանդեր շարժիչի սխեման

Դետանդեր (ֆր.՝ detendre-թուլացնել), գազը սառեցնող մեքենա, գործում է նրա ադիաբատ ընդարձակման հաշվին, որի հետևանքով կատարվում է արտաքին աշխատանք։ Դետանդերը հակառակ կոմպրեսորի, ընդարձակիչ մեքենա է, հիմնականում օգտագործվում է սառնություն ստանալու համար։ Կիրառվում է նաև գազերի խոր հովացման և հեղուկացման մեթոդով գազային խառնուրդները տարանջատող տեղակայանքներում և օդաորակավորիչ համակարգերում։ Մխոցավոր դետանդերները ծավալային պարբերական գործողության մեքենաներ են, որոնցում սեղմված գազի ընդարձակման դեպքում նրա պոտենցիալ էներգիան փոխարկվում է արտաքին աշխատանքի։ Լինում են ուղղաձիգ և հորիզոնական, միայն բազմաշարք։ Հիմնականում կիրառվում են բարձր (15-20 Մն/մ²) և միջին (2-8 Մն/մ²) ճնշման սառնարանային ցիկլերով տեղակայանքներում՝ գազի չափավոր ծավալային ծախսերի դեպքում։ Տուրբանդետանդերներն անընդհատ գործողության թիակավոր մեքենաներ են, որոնցում հոսքն անցնում է ծայրափողակներով և ռոտորի պտտվող թիակների համակարգի փողով։ Առաջինում պոտենցիալ էներգիայի մի մասը փոխարկվում է կինետիկ էներգիայի, իսկ երկրորդում հոսքի էներգիան փոխարկվում է մեխանիկական աշխատանքի։ Կախված հոսքի շարժման ուղղությունից՝ լինում են կենտրոնաձիգ, կենտրոնախույս և առանցքային, ըստ ծայրափողակներում գազի ընդարձակման աստիճանի՝ ակտիվ ու ռեակտիվ, ըստ ընդարձակման աստիճանների թվի՝ միայն բազմաստիճան։ Տուրբադետանդերները հիմնականում կիրառվում են ցածր ճնշման (0,4-0,8 Մն/մ²) սառնարանային ցիկլերով տեղակայանքներում՝ գազի զգալի ծավալային ծախսերի (40-4000 մ³/ժ) համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 354