Դավիթ Տեր-Ավանեսյան
Դավիթ Տեր-Ավանեսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1909 |
Ծննդավայր | Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 21, 1979 (69 տարեկան) |
Քաղաքացիություն | Թուրքմենստան |
Դավիթ Վարդանի Տեր-Ավանեսյան (դեկտեմբերի 27, 1909, Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - մայիսի 21, 1979, Լենինգրադ)։ Խորհրդային բուսաբույծ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1951 թվական), պրոֆեսոր (1953 թվական)։
Ավարտել է Ադրբեջանի գյուղատնտեսության ինստիտուտը (1933)։ 1933-1936 թվականներին աշխատել է Հայկական բամբակագործության գիտահետազոտական կայանում (այժմ՝ Երկրագործության ԳՀԻ)։ 1940-1955 թվականներին, 1959-1965 թվականներին և 1966-1970 թվականներին՝ Բուսաբուծության համամիութենական ինստիտուտում՝ ավագ գիտական աշխատող, բաժնի վարիչ, գիտության գծով տնօրենի տեղակալ և տնօրենի պաշտոնակատար։ 1956-1959 թվականներին աշխատել է Հնդկաստանում, ԽՍՀՄ դեսպանության գյուղատնտեսության հարցերի գծով խորհրդատու։ Այդ ընթացքում հավաքել է ավելի քան 5000 կուլտուրական բույսերի նմուշներ, որն զգալիորեն հարստացրեց Բուսաբուծության համամիութենական ինստիտուտի համաշխարհային հավաքածուն։ 1965-1966 թվականներին Տեր-Ավանեսյանը եղել ԷՄԱԿ-ի աշխատանքի միջազգային կազմակերպման կոմիտեի գյուղատնտեսության դեպարտամենտի տնօրեն։ Այդ ընթացքում Արևելյան Ասիայի մի շարք երկրներում ուսումնասիրել է բուսական աշխարհը և սոցիալտնտեսական պրոբլեմները։ 1970-1979 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի (այժմ` Սանկտ-Պետերբուրգ) գրադարանի տնօրենի պաշտոնը։ 1961-1979 թվականներին եղել է Խորհրդա-հնդկական ընկերության մշակութային կապի Լենինգրադի բաժանմունքի նախագահ, համամիութենական մշակութային կապի փոխնախագահ։
Գիտական աշխատանքները վերաբերում են բամբակենու սելեկցիային, ժառանգականության, փոփոխականության հարցերին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 662)։ |