Մոսկվայի թատերա-համերգային երաժշտական միավորում` Ալեքսանդր Գրադսկու ղեկավարությամբ (Գրադսկի Հոլ, ոչ պաշտոնական անվանումը` Գրադսկու թատրոն), Մոսկվայի մշակութային պետական բյուջետային հաստատություն, համերգների, երաժշտական ու ստեղծագործական երեկոների անցկացման վայր։ Գտնվում է Մոսկվայի Զամոսկվորեչիե շրջանում, Կորովի Վալ փողոցում[1][2]։
Շենքը, որտեղ գտնվում է Գրադսկի Հոլը, կառուցվել է 1957 թվականին ըստ ճարտարապետ Իվան Վլադիսլավովիչ Ժոլտովսկու նախագծի, «Բուրեվեստնիկ» կինոթատրոնի համար։ 1991 թվականին քաղաքի ղեկավարությունը շենքը փոխանցել է երգիչ և երգահան Ալեքսանդր Գրադսկուն` երաժշտական թատրոն ստեղծելու համար։ Ենթադրվում էր, որ վերակազմակերպումը պետք է իրականացվեր մասնավոր ներդրողների կողմից, սակայն հովանավորներ այդպես էլ չեն հայտնվում[3][4]։
1998 թվականին Մոսկվայի կառավարությունը գումար է հատկացրել շենքի վերակառուցման համար[3]։ Այն ավարտել են միայն 2014 թվականին՝ ֆինանսավորման ընդհատումների և միջոցների անբարեխիղճ օգտագործման պատճառով։ Աշխատանքների ընթացքում վերանորոգվել է գլխավոր շենքը, ինչպես նաև` տեղադրվել են լուսային, ձայնային և ինժեներական սարքավորումներ[4][5]։
Վերակառուցումից հետո հրապարակը կազմել է 8.5 հազար քմ[1][2]։ Դրանից 6.83 քմ-ը գրավում է գլխավոր չորսհարկանի շենքը, այնտեղ է գտնվում դրամարկղը, հանդերձարանը, բազմաֆունկցիոնալ հանդիսասարահը` ամֆիթատրոնով և հանդիսատեսի 500 տեղով, փոքր դահլիճը` 150 տեղով, դերասանների հանգստի սենյակը, ձայնային և լուսային էֆեկտների վերահսկման սենյակը, պարասրահը[4][5]։ Հանդիսասրահի բեմը կարող է փոփոխվել. պոդիոումի առանձին մասեր կարող են բարձրացվել և իջեցվել[6]։
Դահլիճի պատերն ու առաստաղը սև են, հատակը փայտյա է, լուսավորումն իրականացվում է սոֆիտի տարբեր տեսակներով. շենքի յուրաքանչյուր կետից կարելի է ղեկավարել լույսի ուժգնությունը, հոսքը և երանգները։ Առաջին շարքի աթոռներն անհրաժեշտության դեպքում կարող են ծալվել[7][8]։ Կցակուռույցը 3 հարկանի շենք է` նկուղային հատվածով։ Դրա մակերեսը կազմում է 1.64 հազամ քմ։ Ներսում են գտնվում տնօրենի աշխատասենյակը, դերասանների սենյակները, խոհանոցները, պահեստը, սրճարանը[4]։
2015 թվականի սեպտեմբերին թատրոնի աշխատանքների սկիզբը նշանավորվել է փակ համերգով, որտեղ ելույթ են ունեցել Ն. Պ. Օսիպովի անվան ազգային երաժշտական գործիքների նվագախումբը, ինքը` Գրադսկին և իր աշակերտները։ Հյուրերի թվում էին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը, երգիչ Անդրեյ Մակարևիչը և ուրիշներ[9][10][11]։
2017 թվականին թատրոնում անց է կացվել Վլադիմիր Վիսոցկու անվան երաժշտական մրցանակաշխության պարգևատրման արարողությունը։ Միջոցառումը հեռարձակվել է ռուսական «Առաջին հեռուստաալիքով»[12]։