Jump to content

Բուրավետ նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերանիլացետատի մոդելը

Բուրավետ նյութեր կամ հոտավետ նյութեր օրգանական միացություններ, որոնց բնորոշ է հաճելի հոտը[1]։ Օգտագործվում են օծանելիքի ու կոսմետիկական տարբեր նյութերի, օճառի, սինթետիկ լվացող միջոցների, սննդի և այլ ապրանքների արտադրության մեջ։ Դրանք լայնորեն տարածված են բնության մեջ։ Դրանք մտնում են եթերային յուղերի, հոտավետ խեժերի, ինչպես նաև բուսական և կենդանական ծագում ունեցող նյութերից անջատվող օրգանական այլ նյութերի բարդ խառնուրդների մեջ։ Օրգանական նյութերի հոտի և դրանց կառուցվածքի փոխադարձ կապի մասին կան բավականաչափ փորձնական տվյալներ, սակայն դեռևս հնարավոր չէ ճշգրտորեն կանխագուշակել սինթեզված նոր նյութի հոտը՝ հիմնվելով նրա կառուցվածքի վրա։ Բայց և այնպես կարելի է դուրս բերել մի քանի օրինաչափություններ օրգանական նյութի հոտի վրա կառուցվածքի ունեցած ազդեցության վերաբերյալ։ Մասնավորապես, հոտի վրա մեծ ազդեցություն ունի մոլեկուլի մեծությունը և ճյուղավոր վածության աստիճանը։ Մոլեկուլի մեջ ածխածնի ատոմների ճյուղավորված շղթա ունեցող միացություններն ունեն ավելի ուժեղ և հաճախ ավելի հաճելի հոտ, քան գծային շղթա ունեցողները։ Հոտի վրա ազդում են նաև տեղակալիչների դիրքը, բազմակի կապերի առկայությունը, տարածական գործոնները և ամբողջությամբ վերցված մոլեկուլի կառուցվածքը։

Հիմնական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրավետ կամ անուշաբույր նյութերը օգտագործվում են տնտեսության մեջ՝ հիմնականում թեթև արդյունաբերությունում։ Օգտագործվում են հիմնականում օծանելիքների և կոսմետիկայի արտադրության մեջ, ինչպես նաև այն օճառին, սննդին և այլ ապրանքներին տալիս են որոշակի բույր։ Բուրավետ նյութերը լայն տարածում ունեն բնության մեջ։

Նրանք հայտնաբերված են եթերային յուղերի, անուշաբույր խեժերի և այլ բարդ նյութերի (կամ խառնուրդների) կամ օրգանական միացությունների տեսքով։ Բնության մեջ տարածված են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ձևերով։

Արդյունաբերության մեջ կիրառվում են հետևյալ նյութերը.

  1. լինալոոլն ունի հովտաշուշանի հոտ - (CH3)2C=CH (CH2)2C (CH3) (OH)CH=CH2
  2. ցիտրոնելոլը - (CH3)2C==CH (CH2)2CH (CH3)CH2CH2OH
  3. β-ֆենիլէթիլսպիրտը ունի վարդի հոտ - C6H5CH2CH2OH
  4. ցիտրալը ունի կիտրոնի հոտ - (CH3)2C=CH (CH2)2C (CH3)=CHCHO
  5. դիֆենիլեթերը ունի խորդենու հոտ, իոնոնների նոսր լուծույթները՝ մանուշակի հոտ - C6H5OC6H5

Արդյունաբերության մեջ hոտավետ նյութերը սինթեզում են քիմիական հումքից և անտառաքիմիական արդյունաբերության նյութերից (բևեկնայուղեր)։ Մշակված են նախկինում բնական հումքից ստացվող բազմաթիվ հոտավետ նյութերի, ինչպես նաև բնության մեջ դեռևս չհայտնաբերված հոտավետ նյութերի սինթեզի եղանակներ։

Բուրավետ նյութերի ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Block, E. (2010). Garlic and Other Alliums: The Lore and the Science. Royal Society of Chemistry. ISBN 0-85404-190-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 584