Jump to content

Բժշկական հսկողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկական հսկողություն, մարմնամարզությունում և սպորտում, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվող անձանց առողջության վիճակը հսկող համակարգ։ Իրականացվում է բուհերում, կամավոր մարզական ընկերություններում, մանկապատանեկան մարզադպրոցներում, ինչպես նաև շրջանային պոլիկլինիկաներում, գյուղական ամբուլատորիաներում, ձեռնարկությունների և հիմնարկների բժշկասանիտարական մասերում ու առողջապահական կետերում գործող առանձնասենյակներում։ Վաղ մանկական և նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզական դաստիարակությամբ զբաղվում են մանկական պոլիկլինիկաների, իսկ դպրոցականների ֆիզիկական դաստիարակությամբ՝ դպրոցների բժիշկները. բժշկական հսկողության կազմակերպամեթոդական հարցերն իրականացնում են բուժական ֆիզկուլտուրայի դիսպանսերները։

Բժշկական հետազոտությունների ծավալն ու բովանդակությունը որոշվում են ըստ ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվողների քանակակազմի (հաշվի առնելով նրանց մարզական որակավորումը, տարիքը, սեռը), ինչպես նաև պարապմունքների բնույթի (առողջարարական ուղղվածությունը կամ մարզական կատարելությունը)։ Ֆիզկուլտուրայի և սպորտի պարապմունքներին մասնակցելու և առողջական վիճակի ու ֆիզիկական զարգացման վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով Բժշկական հսկողությունն իրականացվում է դպրոցներում և ուսումնական հաստատություններում ֆիզիկական զարգացման պարտադիր ծրագրով զբաղվողների համար։

Բժշկական հսկողությունը ուսումնական հաստատություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցներում, ուսումնարաններում, բուհերում բժշկական հետազոտությունները կատարում են ուսումնական տարվա սկզբին։ Դա հնարավորություն է տալիս բաշխել դրանք (հաշվի առնելով առողջական վիճակը, ֆիզիկական զարգացումը և պատրաստվածությունը) 3 բժշկական խմբերի՝ հիմնական, նախապատրաստական և հատուկ։ Հիմնական խմբում ընդգրկվում են առողջական վիճակի շեղումներ չունեցող կամ թեթևակի շեղում ունեցող անձինք։ Նախապատրաստական խմբում ընդգրկվում են առողջական վիճակի թեթևակի շեղումներով և ֆիզիկական անբավարար զարգացմամբ անձինք, որի հետ կապված՝ պահանջվում են որոշ սահմանափակումներ և բեռնվածության ավելացման աստիճանականություն։ Հատուկ խմբում ընդգրկվում են այնպիսի հիվանդություններով անձինք, որոնց համար պարապմունքներն անցկացնում են հատուկ ծրագրով՝ հաշվի առնելով հիվանդության բնույթը, ֆիզիկական զարգացածության աստիճանը։ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցում են տարբեր մասնագիտությունների (քիթկոկորդականջաբան, ակնաբան, վիրաբույժ և այլք) բժիշկների հետ։

Բժշկական հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական հսկողության հիմքը կանոնավոր բժշկ հետազոտություններն են։ Գնահատում են ֆիզիկական զարգացումը, ստուգում նյարդային համակարգի, արյան շրջանառության օրգանների, շնչառության և այլնի վիճակը։

Կանայք ենթարկվում են նաև գինեկոլոգիական հետազոտության։ Կրկնակի բժշկական հետազոտության են ենթարկվում տարին 1 անգամ։ Դա հնարավորություն է տալիս հաստատել պարապմունքների և մարզումների ազդեցությունն օրգանիզմի վրա և օբյեկտիվ ցուցանիշներով եզրակացություն անել՝ որքանով են դրանք ճիշտ կատարվել։ Բժշկական հետազոտությունների տվյալներով հետագա պարապմունքներում և մարզումներում կատարում են անհրաժեշտ փոփոխություններ, վերափոխում պարապմունքների ռեժիմը, մեծացնում կամ փոքրացնում բեռնվածությունը, տեղափոխում մեկ այլ բժշկական խումբ։

Առողջական վիճակի շեղումներ ունեցող (ֆիզկուլտուրայով զբաղվող) անձինք բժշկական հետազոտության են ենթարկվում ավելի հաճախ (տարին 3-4 անգամ)։ Ընդմիջումներին անհրաժեշտ է կանոնավոր հետևել առողջական վիճակին, այդ գործին զգալիորեն կարող է նպաստել ինքնահսկումը։ Մանկապատանեկան մարզ դպրոցներում սովորողների, ինչպես նաև կարգային մարզիկների (գյուղի, քաղաքի, հանրապետության հավաքական խմբերի անդամ) հետազոտությունները կատարում են բուժական ֆիզկուլտուրայի դիսպանսերներում։ Մրցումներից և արշավներից առաջ լրացուցիչ բժշկական զննումները պարտադիր են, հատկապես, Եթե դրանք կապված են ֆիզիկական որոշակի բեռնվածության հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 434