Բելգիայի թատրոն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Բելգիայի թատրոն, Բելգիայի անկախ պետության կազմավորումից հետո (1830 թվական) թատրոններ են բացվել Դենտում (1847 թվական), Անտվերպենում («Ազգային թատրոն», 1853 թվական), Բրյուսելում («Ազգային բեմ», 1883 թվական, «Ֆլամանդական թատրոն», 1864 թվական, 1895 թվականից՝ «Ֆլամանդական թագավորական թատրոն»)։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բելգիայի թատրոնի զարգացման վրա մեծ ազդեցություն են գործել սիմվոլիստ դրամատուրգներ Մ․ Մետեռլինկի, Շ․ վան Լեբերգի, ժ․ Ռոդենբախի, Մ Դյուտերմի երկերը։ 19-րդ դարի 90-ական թվականներին բանվորական շարժման վերելքի տարիներին երևան է եկել Է. Վերհառնի «Արշալույսներ» առաջին սոցիալական դրաման։ 20-րդ դարի 20–30-ական թվականներին բելգիական դրամատուրգիայի խոշոր դեմքերից են Դ․ վան Զիպը, Շ․ Սպաակը, Մ․ դը Դելդերոդը, Ֆ․ Կրոմելինկը (ֆրանսիայի լեզվով), Հ․ Տեյրլինկը, Դ․ Մարտենսը (ֆլամանդական լեզվով)։ Հին թատրոններից բացի (Բրյուսելում՝ «Դյու պարկ», «Դը Դալերի», Անտվերպենում՝ «Ազգային թագավորական թատրոն», «Նիդերլանդական կամերային թատրոն») գործում են «Լը Ռիդո»-ն (հիմնվել է 1942–1943-ական թվականներին), «Դը լա Բուրս»-ը (հիմնվել է 1948 թվականին) Բրյուսելում, պետական թատերախումբը Դենտում։ Բեմադրվում են Հ․ Հենսենի, Հ․ Կլաուսի, ժ․ Պ․ Սարտրի, Բ․ Բրեխտի, Ա․ Միլլերի, Պ․ Վայսի, է․ Օլբիի և ուրիշների պիեսները։ Թատերական կադրեր են կրթում Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, ֆլամանդական թագավորական կոնսերվատորիայի դրամատիկ արվեստի դպրոցը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |