Բակուրան (12-րդ դար, Պապեռոն, Լամբրոնի գավառ, Օշինյանների իշխանություն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն - 1178), հայ իշխան (Օշինյանների տոհմից), Կիլիկիայի Պապեռոն քաղաքի կառավարիչ 1151-ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատին, որը սպանվել էր Ռուբինյան իշխան Թորոս Բ-ի դեմ պայքարում։ Բակուրանի քույր Ռիթան ամուսնացած էր Թորոս Բ–ի եղբայր Ստեփանեի հետ։ Վերջինիս եղերական մահից հետո (1165) Ռիթան Ռուբեն և Լևոն զավակների հետ բնակվել է Պապեռոնում, Բակուրանի մոտ։ Մլեհ իշխանի մահից հետո (1175) Կիլիկիայի հայկական պետությանը հաջորդաբար տիրել են Բակուրանի խնամատարության ներքո գտնվող Ռուբեն Գ և Լևոն Բ։