Jump to content

Բազպաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազպաններ, զույգ կարճ թևնոցներ են, որոնք կոճկվում են պատարագիչ եկեղեցականի դաստակների վրա և ամբողջովին գրկում են դաստակից մինչև արմունկը։ Բազպանները զգեստի առանձին մասեր լինելով հանդերձ՝ կարվում են զգեստի կերպասից (այսինքն՝ այն կտորից, որից կարվել են փորուրարը, շուրջառը, գոտին) կամ հատուկ ասեղնագործվում են։ Բազպանների հիմնական նպատակը պատարագչի շապիկի թևերի ծայրերը հավաքելն է։

Մաղաքիա արք․ Օրմանյանը նշում է, որ կան երկու տարբեր ձևի բազպաններ, մեկը՝ կլորակ կարված, որի մեջ քահանան ձեռքն է դնում և հետևի կողմից քաշելով մինչև արմունկն է հասցնում։ Այս ձևը սովորական է հայ հռոմեականների մոտ։ Իսկ մեզ մոտ սովորաբար բաց է բազպանը, և թևի վրա դրվելուց հետո երկու կողմերը թևի ներքևից իրար են մոտեցվում ագուցիկ ամուր պարանով՝ չվանով, և կապվում են արմունկի մոտ։

Բազպանի տալու արարողության հիշատակություն չկա ձեռնադրության ժամանակ․ շապիկը տրվում է դպրության, ուրարը` սարկավագության, գոտին, շուրջառն ու սաղավարտը` քահանայության ժամանակ։ Բազպանը մնում է դուրս, միայն կարող է համեմատվել կիսասարկավագության բազկուրարի հետ։

Ժամարար քահանային զգեստավորելիս բազպանը հատուկ աղոթք ունի, որը հիշատակում են Լամբրոնացին և Օձնեցին։