Այս հոդվածը կենսաբանական տերմինի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արեալ (այլ կիրառումներ)։
Արեալ (լատին․՝ area՝ տարածություն, հրապարակ), երկրի մակերևույթի (կամ ջրատարածության) էկոլոգիական հատված, տարածք, որին բնորոշ է կենդանիների, բույսերի որևէ տեսակ (ցեղ, ընտանիք և այլն)[1][2]։ Դա այն բնական պայմաններն են, որտեղ տեսակն ապրում է կամ էլ տեսակի պոպուլյացիան շրջապատող ֆիզիկական պայմանները[3]։ Արելը պարտադիր չէ լինի աշխարհագրական տարածք, մակաբույծ կենդանիների համար դա տիրոջ օրգանիզմն է կամ օրգանիզմի որոշակի տեղամասը կամ օրգանիզմի կոնկրետ բջիջը[4]։
Արեալի չափերը տարբեր են։ Որոշ կենդանիներ և բույսեր բազմանում են խիստ սահմանափակ տարածություններում (օրինակ, առանձին լեռնային բարձունքում, կղզում, մեկուսացված լճում), մյուսները տարածված են մի քանի մայրցամաքներում և զբաղեցնում են հսկայական հատվածներ։ Օրգանիզմների խմբերը (ընտանիք և կարգաբանական այլ միավորներ, օրինակ, հացազգի բույսեր, ճնճղուկազգի թռչուններ), որոնք տարածված են ամբողջ աշխարհում, կոչվում են կոսմոպոլիտ։ Արեալը կարող է ընդարձակվել տեսակի տարաբնակեցման հետևանքով և փոքրանալ՝ արեալի առանձին հատվածներում նրա անհետացումից։ Արեալը քարտեզի վրա պատկերվում է գծերով, կետերով կամ գույներով։ Արեալի քարտեզներն օգտագործվում են բուսական և կենդանական պաշարների տեղաբաշխումը, գյուղատնտեսական կուլտուրաների և անտառային վնասատուների տարածումը պարզելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 18)։