Աստերիքսը և հռոմեացի գործակալը
Աստերիքսը և հռոմեացի գործակալը ֆր.՝ La Zizanie | |
---|---|
Տեսակ | կոմիքսների ալբոմ |
Հեղինակ | Ռենե Գոսիննի և Ալբեր Ուդերզո |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Կերպարներ | Asterix? |
Հրատարակվել է | 1970[1] |
Շարք | Աստերիքս |
Նախորդ | Asterix in Spain? |
Հաջորդ | Asterix in Switzerland? |
«Աստերիքսը և հռոմեացի գործակալը» (ֆր.՝ La Zizanie, «Տարաձայնություն»), Աստերիքսի մասին կոմիքսների շարքի տասնհինգերորդ հատորը, որը գրել են Ռենե Գոսիննին (պատմությունները) և Ալբերտ Ուդերզոն (նկարազարդումները)։ Այն առաջին անգամ, որպես պատմությունների շարք, հայտնվել է Pilote ամսագրի 531-552 համարներում 1970 թվականին և 1972 թվականին թարգմանվել է անգլերեն[2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալլական գյուղի դիմադրությունը հռոմեացիների դեմ բախում է հրահրում բռնապետ Հուլիոս Կեսարի և Հռոմեական սենատի միջև, որի իշխանությունը թուլացել էր Հուլիոս Կեսարի օրոք։ Իրենց կախարդական ըմպելիքի միջոցով, որը գերմարդկային ուժ է տալիս և որի պատրաստման եղանակը հայտնի է միայն իրենց դրուիդ Գետաֆիքսին, գալլերը հեշտությամբ դիմակայում են Հռոմին և նրա օրենքներին։
Իր համախոհների հետ հանդիպման ժամանակ Կեսարին հայտնում են, որ գալլերի միջև ներքին տարաձայնությունների հրահրումը կխարխլի նրանց հարաբերությունները։ Այնուհետև մեկ այլ պաշտոնյա պատմում է նրան Տուլիուս Դետրիտուսի մասին. վերջինս իսկական կռվի հրձիգ է, որի ներկայությունը հերիք է, որ վեճեր ու կռիվներ սկսվեն։ Այդ պատճառով նրան կրկեսի ժամանակ գցել էին առյուծների դիմաց, բայց իր կարողությունների շնորհիվ նրան հաջողվեց ստիպել առյուծներին հոշոտել իրար, իսկ նա այդպես էլ մնաց բանտում։ Տպավորված Դետրիտուսի ունակություններով՝ Կեսարը նրան ուղարկում է Գալլիա։ Ճանապարհին Դետրիտուսի պատճառով նավում բացառապես բոլորը՝ նավապետից մինչև գալերական ստրուկները, կռվի են բռնվում։ Եվ երբ ծովահենները հարձակվում են նավի վրա, Դետրիտուսը պնդում է, որ նրանցից մեկին նախկինում կաշառել է և այսպես դրդում է նրանց խորտակել սեփական նավը։ Ծովահենների առաջնորդը գիտակցում է իրենց սխալը և ասում է, որ այս անգամ նույնիսկ գալլերի կարիքը չեղավ, որ հիմարեցնեն իրենց։
Այս ընթացքում գալլական գյուղում պատրաստվում են իրենց առաջնորդ Աբրարակուրսիքսի ծննդյան տարեդարձին։ Բոլորը սիրում են այդ օրը՝ բացի Բոնմինից, ով բողոքում է այդ օրն անպիտան նվերներ՝ օրեցօր շատացող թրերի, վահանների, լցոնած ձկների ու մենհիրների հավաքածուներ ստանալուց։ Գալլիա հասնելով՝ Դետրիտուսը գնում է մոտակայքում գտնվող հռոմեական Ակվարիում ճամբար և տեղեկություն է ստանում գյուղի բնակիչների մասին։ Ապա նա, ի դժգոհություն Աբրարակուրսիքսի, թանկարժեք սկահակ է տալիս Աստերիքսին՝ հայտարարելով, որ վերջինս գյուղի ամենաերևելի մարդն է։ Գյուղի բնակիչներն այս հայտարարությունը լուրջ են ընդունում, և Բոնմինը սկսում է վիճել գյուղի կանանց հետ՝ իրենց ամուսինների հարաբերական կարևորության թեմայի շուրջ, իսկ հետո նա ամուսնուն առանձին ասում է, որ ձախողակի մեկն է։ Գյուղում շատերը հավատում են հետագայում տարածված լուրերին, որ Աստերիքսը, ով մոտ է դրուիդ Գետաֆիքսի հետ, հռոմեացիներին հայտնել է դրուիդի կախարդական ըմպելիքի գաղտնի բաղադրատոմսը։ Կասկածներ ու անվստահություն են տարածվում, և բանը հասնում է նրան, որ առաջնորդի ծննդյան սեղանի շուրջ քար լռություն է տիրում։
Այս անվստահության ալիքը բարձրացրել էին դարբին Ֆուլիոտոմատիքսը, գյուղի ավագ Գերիատրիքսը և նրանց կանայք։ Երբ Ֆուլիոտոմատիքսն ու Օրդրալֆաբետիքսը լրտեսում են հռոմեացիներին, տեսնում են, որ նրանց զինվորների մոտ կախարդական ըմպելիք կա։ Երբ նրանց նկատում են, Դետրիտուսի նախաձեռնությամբ` իր զինվորներից մեկը ձևացնում է, թե թռցնում է հսկա զինվոր Մագնումոպուսի գլուխը։ Սա տեսնելով՝ երկու գալլերը նահանջում են դեպի գյուղ։ Արդյունքում Ակվարիում ճամբարի հռոմեական զորքը հավատում է, որ կախարդական ըմպելիքն իրենց մոտ է, բայց իրականում խմում են դրան փոխարինող մեկ այլ ըմպելիք։ Այս ծրագրի ամենակարևոր և շրջադարձային մասն այն է, որ խաբված գյուղացիներից ոմանք իրենց կասկածներն են հայտնում, որ Աստերիքսն ու Գետաֆիքսը կախարդական ըմպելիքի գաղտնիքը փոխանցել են հռոմեացիներին (սա մեծ վիրավորանք էր նրանց համար, քանի որ այս հնագույն գաղտնիքը փոխանցվում է միայն դրուիդներին)։ Աստերիքսին ու Գետաֆիքսին է միանում նաև Օբելիքսը, և նրանք միասին կամավոր լքում են գյուղը։ Նրանց նպատակն էր բացահայտել Դետրիտուսի չարանենգ ծրագիրը և գալլերին վստահության դաս տալ։ Աստերիքն ու Գետաֆիքսը գնում են Դետրիտուսի մոտ և հայտնում, որ իրենք և Օբելիքսը հեռանում են գյուղից (մյուս գալլերին անպաշտպան թողնելով)։ Նրանց խոսքին հավատալով՝ Դետրիտուսը համոզում է հռոմեացի հրամանատար Ցենտուրիոն Պլատիպուսին հարձակվել գյուղի վրա։ Մինչդեռ գալլերը հռոմեացիների կեղծ ըմպելիքը հետ են տանում գյուղ, որտեղ պարզվում է, որ այն կախարդական չէ և որ նրանց խաբել են։ Դետրիտուսը տեսնում է սա և տեղեկացնում է Պլատիպուսին։ Վերջինս անհապաղ հարձակման հրաման է տալիս, բայց Գետաֆիքսն արդեն կախարդական ըմպելիքը պատրաստել էր։ Պլատիպուսն ավելի շատ զորք է ուղարկում, երբ Աստերիքն ու Օբելիքսը հետ են մղում իր կայազորի հարձակումը։
Իրական կախարդական ըմպելիքը խմելուց հետո գալլական գյուղի բնակիչները հաղթում են իրենց շրջափակման մեջ գցած բոլոր չորս հռոմեական կայազորներին։ Հաղթանակից հետո Աստերիքսը, Գետաֆիքսն ու Աբրարակուրսիքսը շնորհակալություն են հայտնում Դետրիոտուսին «իր խոսքը չդրժելու համար» ու վերադարձնում են այն սկահակը, որ Աստերիքսին էր տվել։ Այս ամենից հռոմեացի հրամանատարը ենթադրում է, որ Դետրիտուսը դիտավորյալ էր կազմակերպել իրենց պարտությունը։ Դետրիտուսին հետ են ուղարկում Հռոմ՝ իր պատիժը կրելու, բայց շատ հավանական է, որ իր հատուկ տաղանդի շնորհիվ նա կկարողանա խույս տալ իր պատժից, քանի որ նա արդեն իրեն հետ տանող նավի վրա գժտություն էր հրահրել։
Գյուղում Աբրարակուրսիքսը ներողություն է խնդրում Աստերիքսից, և որոշում են, որ Աբրարակուրսիքսի ծննդյան առթիվ նոր խնջույք պետք է կազմակերպեն։ Գյուղացիների վստահությունը փորձելու և համոզվելու համար, որ նախորդ միջադեպը երբեք չի կրկնվի, Աստերիքսն Օբելիքսին խնդրում է, որ իրեն վահանի վրա տանի, ինչպես ընդունված էր Աբրարակուրսիքսին տանել, և այսպես մեկ այլ կռիվ է ծագում, թե գյուղում որ տղամարդն է ամենաարին։ Երբ Աբրարակուրսիքսը հարցնում է Աստերիքսին, թե ինչու այդպես վարվեց, վերջինս ասում է, որ պարզապես նրա ծննդյան նվեր վահանի ամրությունն էր ստուգում։ Երբ ամեն ինչ հարթվում է, պատմությունն ավարտվում է ավանդական տոնակատարությամբ, ինչը կրկնապատկում է Աբրարակուրսիքսի ծննդյան տարեդարձի խնդությունը։
Այլ լեզուներով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրազիլական պորտուգալերեն՝ A Cizânia
- Կատալաներեն՝ La zitzània
- Խորվաթերեն՝ Zavadi pa vladaj (Բաժանի՛ր և կառավարի՛ր)
- Չեխերեն՝ Nesvár
- Դանիերեն՝ Lus i Skindpelsen
- Հոլանդերեն՝ De intrigant
- Ֆիններեն՝ Asterix ja riidankylväjä (Աստերիքսն ու հակասություններ սերմանողը)
- Գերմաներեն՝ Streit um Asterix (Աստերիքսի վեճը)
- Հունարեն՝ Η διχόνοια
- Հրեաերեն՝ הסכסכן מרומא
- Հինդի՝ Estriks aur Roman ghuspaithiyaa
- Ինդոնեզերեն՝ Sang Penghasut
- Իռլանդերեն՝ Asterix agus an Cealgaire
- Իտալերեն՝ Asterix e la zizzania
- Լատիներեն՝ Tumultus de Asterige
- Նորվեգերեն՝ Brann i rosenes leir
- Լեհերեն՝ Niezgoda
- Պոնտական հունարեն՝ Το Ζιζάνιον
- Պորտուգալերեն՝ A Zaragata
- Իսպաներեն՝ La cizaña
- Սերբերեն՝ Завади па владај/Zavadi pa vladaj (Բաժանի՛ր և կառավարի՛ր)
- Շվեդերեն՝ Asterix och tvedräkten
- Թուրքերեն՝ Asteriks Fitneci
Գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Goodreads կայքում Աստերիքսը և հռոմեացի գործակալը 5-ից 4.15 գնահատականի է արժանացել[4]։ Սցենարիստ Ռասել Թ Դեյվիսն այն անվանել է «երբևէ ստեղծված լավագույն գիրքը»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.asterix.com/la-collection/les-albums/
- ↑ René Goscinny – Asterix and the Roman Agent – Hachette Children's Group (բրիտանական անգլերեն).
- ↑ «La Zizanie – Astérix – Le site officiel». www.asterix.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Asterix and the Roman Agent (Astérix #15)». www.goodreads.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Albert Uderzo: Asterix co-creator and illustrator dies aged 92». 2020 թ․ մարտի 24 – via www.bbc.co.uk.