Ապորիա
Ապորիա, (հունարեն άπορία — դժվարություն, տարակուսանք, α — ժխտական մասնիկ + πορος - ելք), տերմին հին հունական փիլիսոփայության մեջ, որ նշանակում է տրամաբանորեն դժվար՝ լուծելի կամ անլուծելի պրոբլեմ։
Առավել հայտնի են Զենոն Էլեացու ապորիաները, որոնցով նա փորձում է հիմնավորել շարժման անհնարինությունը։ Օրինակ ըստ «Դիխոտոմիա» (երկատում) ապորիաի, որևէ տարածություն անցնելու համար պետք է անցնել նրա կեսը, որն անցնելու համար պետք է անցնել այդ կեսի կեսը և այդպես անվերջ, ուրեմն՝ այդ տարածությունը չի կարելի անցնել, անցումը, շարժումը չի կարող սկսվել (ըստ մի այլ տարբերակի, անցումը չի կարող ավարտվել)։ Ապորիաներն, ընդհանուր առմամբ, արտահայտում են շարժման դիալեկտիկական հակասականությունը։ Բայց դրանց մեջ դրսևորվող տրամաբանական հակասության լուծման բավարար եղանակ չի գտնված։ Իր իմաստով ապորիան մոտ է անտինոմիային։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 511)։ |