Ապլղարիպ Հավնունի
Ապլղարիպ Հավնունի Ապլղարիպ Հաւնունի | |||
| |||
---|---|---|---|
10-րդ դար | |||
Ազգություն | Հայ | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Դինաստիա | Հավնունիներ |
Ապլղարիպ Հավնունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 10-րդ դար), հայ իշխան Հավնունիների իշխանական տոհմից, զորավար Վասպուրականի թագավորությունում, Գագիկ Ա Արծրունի թագավորի և նրա հաջորդ Աշոտ-Դերենիկ թագավորի կառավարման ժամանակներում։
Գագիկ Ա Արծրունուն հաջորդած Աշոտ-Դերենիկը պաշտոնանկ է անում Ապլղարիպ Հավնունուն։ Ի պատասխան դրա, բարկացած Ապլղարիպը 937 թվականին Աշոտ-Դերենիկին դավաճանորեն մատնում է Հերի և Զարևանդի թուրք իշխան Ապլհաճին, որը նրան գերի է տանում ու բանտարկում Հերում։ Ամեն օր, Ապլհաճը, զբոսանքի դուրս գալիս, իշխանին (ապագա թագավորին) էլ դուրս էր բերում դաշտը և ծաղրելով զվարճանում։ Ապլղարիպի արարքից զայրացած Վասպուրականի վանականներն ու եպիսկոպոսները նզովում են նրան։ Ապլղարիպը զղջալով՝ 945 թվականին կռվի գնալով թուրքերի դեմ, անձամբ ազատում է Աշոտ-Դերենիկին։ Թուրքերը կռվի դաշտից փախնում են Հեր և պարսպի դռները փակում են։ Ապլղարիպը զորք չուներ քաղաքը գրավելու համար, ուստի ի նշան իր քաջության, պողպատյա թուրը ուժգին հարվածով խրեց երկաթի դռանը և ետ դարձավ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 20-21
- «ժամանակագրություն», Մատթեոս Ուռհայեցի, էջ 30-33
- «Տարեգիրք», Սմբատ Սպարապետ, էջ 37-39
- «Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Բ, էջ 805, 826-827